Մատչելիության հղումներ

Արցախում տոնելու տրամադրություն չկա, խանութներում՝ նվեր, իսկ «կանանց իրավունքներն ավելի ու ավելի են սահմանափակվում»


Արցախում փորձում են ժպիտով խոսել այն մասին, որ մարտի 8-ին այս տարի դժվար էր նվերներ ու ծաղիկներ գտնել, խանութները կիսատարկ են, դարակներին միայն ամենապահանջված ապրանքներն են՝ լվացքի փոշի, հնդկաձավար, ձեթ։

«Քիչ առաջ ման էի գալիս մի քանի խանութ՝ աղջկաս համար նվեր գտնեմ, ոչ մի բան չկարողացա գտնել, նույնը մամայիս, քրոջս: Մեծերի համար մի քիչ ավելի հեշտ էր, բայց աղջկաս համար տենց էլ չգտա ու ասացի աղջկաս՝ ոչի՞նչ, որ քեզ նվեր չտվեցի, ինքն ասաց՝ ես էլ քո համար չեմ գտել, ասացի՝ ուրեմն, էսպես նորմալ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Արցախի բնակիչներից Ռուզան Հովհաննիսյանը:

Շրջափակման բարդությունները քիչ էին, գումարվել է Արցախի ոստիկանության երեք ծառայողի մահվան վիշտը ադրբեջանական հարձակման հետևանքով։

«Այս վերջին իրադարձություններից ելնելով՝ հեչ տոնական տրամադրություն չկա, մի քանի օր առաջ այդ դիվերսիան, որ եղավ, դրա համար ընդհանրապես ոչ մի տոնական տրամադրություն չկա քաղաքում, բոլորը ոնց որ անձնական վիշտ են ընդունել այդ ամեն ինչը: Ուղղակի քաղաքում արև է, միայն դա է տրամադրություն բարձրացնում», - հավելեց նա։

Տոնական տրամադրություն չկա, բայց կանանց իրավունքների միջազգային օրը լավ առիթ է նորից նկատելու Արցախում ապրող կանանց սահմանափակված իրավունքները, ասում է Ստեփանակերտում բնակվող երիտասարդ կինը. - «Տոն հոգսերը լիովին կնոջ վրա են, ու դրա համար տղամարդիկ եթե էդքան հոգեպես ծանր չեն տանում երևի թե հոգսերի պահը, իսկ կինը ամեն անգամ մտածում է՝ բա ինչ սարքեմ, ինչ պատրաստեմ ուտելիքի պահով, ու քանի որ ընտրություն չկա խանութներում, կնոջ հոգսերը, ամենօրյա անցուդարձը շատ է փոխվել»:

Պարբերաբար փակվող գազի խողովակ, օրական 6 ժամ անջատվող հոսանք, սննդի սակավություն. Ռուզան Հովհաննիսյանի կարծիքով՝ այս հոգսերն ուղիղ ազդում են հատկապես կանանց կյանքի վրա։ Այսքանը քիչ էր է, շաբաթներ շարունակ փակված մանկապարտեզների պատճառով շատ կանայք ստիպված են եղել նաև աշխատանքից դուրս գալ երեխաներին խնամելու։

Մարտի 8-ին նաև նկատել են՝ խանութներում գրեթե չկան խնամքի պարագաներ, դիմահարդարման միջոցոներ. - «Կանանց հիգիենայի պարագաներն են ամենից ահավոր սկզբնական վիճակում, հիմա որոշակի այդ հարցը լուծվել է, բայց սղությունը մեկ է կա»:

Հիգիենայի ու գեղեցկության պարագաների բացակայությունը, սակայն, կնոջը մանրուք է թվում, երբ նկատում է, որ շատերը զրկված են իրենց առողջությանը հետևելու իրավունքից։

«Մարդիկ գիտեմ, որ ինչ-որ բաներ էին պլանավորել՝ վիրահատություն, հետազոտություն, բայց չկարողացան գնալ: Եթե կանայք կան, որ իրենք տարին մեկ կամ վեց ամիսը մեկ պետք է պարտադիր գնան, հետազոտվեն Երևանի կլինիկաներում, էլի զրկված են այդ իրավունքից: Կարելի է ասել՝ մեր իրավունքների 80 տոկոսից մենք զրկվել ենք, կանայք էլ ավելի շատ հոգսերով են ծանրացել», - նշեց «Տուն-տեղ» ՀԿ ղեկավար Ռուզան Հովհաննիսյանը:

«Ասում ես՝ տոն օր է, բայց դուրս ես գալիս փողոց, խանութ ես մտնում, տոնական տրամադրություն ոչ մեկը չունի», - հավելեց Զինա Նաջարյանը: Նա 40 տարվա մանկավարժ է, հիմա թոշակառու է, չի աշխատում, բայց մտահոգ է թոռների համար, որ մի տեղից ծաղիկներ գնեն ու նվիրեն ուսուցիչներին. - «Երևի 3 օր ման ես գալիս, որտեղից ճարես, գոնե ուսուցչուհու համար մի ծաղիկ ճարես, ուղարկես: Դրա տրամադրությունն էլ չկա, մտա խանութ, զրույց արեցի, ասում եմ՝ վայ, մոռացա, էսօր էլ Մարտի 8 է, ասում է՝ լավ է, ի՞նչ Մարտի 8»:

Վերջին 3 ամիսների դժվարություններին շարունակում են դիմակայել, պատմում է տիկին Զինան, միայն մի մտահոգություն ունի՝ ստիպված չլինեն լքել իրենց տները։

«Սոված էլ կմնանք, ամեն ինչին կարող ենք դիմանալ, բայց տեղահանվել չենք ուզում: Յոլա գնալու է, մի կերպ կարելի է յոլա գնալ, ամեն ինչին դիմանալ, միայն թե խաղաղություն լինի: Խաղաղություն ենք ուզում, ուրիշ ոչինի», - շեշտեց արցախցի կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG