Արցախի օմբուդսմենի գրասենյակը նոր զեկույց է ներկայացրել, որով հերքում են Բաքվի պնդումները, թե կիրակի օրը Հայաստանից Արցախ փորձել են զենք-զինամթերք տեղափոխել։
Ոստիկանության երեք ծառայողի կյանք խլած արյունոտ միջադեպը նույն օրը տեսանյութով էր ներկայացվել, այժմ էլ վիրավոր ոստիկանն է մանրամասներ փոխանցել։
«Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժվել է 09:30-ի սահմաններում, մինչ այդ կայանված էր ոստիկանության շենքի դիմաց։ Հավաքագրված փաստերից հստակ երևում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից։ Արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը», - նշված զեկույցում։
Ճանապարհին մեքենայի անձնակազմը՝ 4 ոստիկանները նկատել են՝ քարեր են շարված։ Ըստ զեկույցի, քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի 5 անդամներ՝ դիմակավորված, ինքնաձիգերի փողերը դեպի մեքենան։ Վարորդը փորձել է հետ շրջել մեքենան, բայց այդ պահին ճանապարհի ադրբեջանցիները՝ աջ ու ձախ կողմերում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 զինվորականներ սկսել են կրակել, մոտ 10 րոպե։
«Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել վարորդի և նրա մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան», - ասվում է Արցախի ՄԻՊ-ի զեկույցում։
Ադրբեջանցիները փորձել են հեռանալ դեպի բարձունքում տեղակայված իրենց հենակետը, և այդ ընթացքում նրանց ուղղությամբ կրակ են բացել մոտակա հայկական դիրքից։ Ադրբեջանական կողմը հայտնել էր երկու զոհի մասին։
Արցախի խորհրդարանի իշխանական պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը համոզված է, որ այս հարձակման նպատակը արցախցիներին այլընտրանքային ճանապարհից զրկելն էր. - «Հարյուր տոկոսանոց բլոկադա ապահովելը, որպեսզի հետագայում, նույնիսկ տեխնիկական հարցերով հետագա հանդիպումների կամ հետագա հումանիտար խնդիրների քննարկումների ժամանակ իրենք ավելի բարձր դիրքից հանդես գան»։
Շրջափակման այս երեք ամիսների ընթացքում Լիսագորի այս գրունտային ճանապարհը երբեմն խիստ անհրաժեշտության դեպքում օգտագործվում էր դեպի Հայաստան ու հակառակ ուղղությամբ մարդկանց տեղաշարժի համար։ ճանապարհից մեկ կիլոմետրի վրա ադրբեջանական հենակետն է։
«Ադրբեջանն օր օրի ավելացնում է ճնշումները, որպեսզի Լաչինի միջանցքը բացվելուն պես ավելի մեծ թվով արցախցիներ հեռանան և դրանով լուծվի Արցախի հայաթափման հարցը», - ասել է Աղաբեկյանը Արցախի հանրայինի եթերում։
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով, Բաքուն այնպիսի փոքր նպատակ, ինչպիսին այդ գրունտային ճանապարհի փակումն է, չէր դնի. - «Նպատակը, որ նախ իրենց պահանջները կատարել տան այդ վախի մթնոլորտում, ինչը փաստորեն ունեցավ հետևանք. հաջորդ օրը արդեն Արայիկ Հարությունյանի հայտարարությունում մենք տեսանք նախագահի պահվածքը՝ խուճապի մեջ գտնվող արդեն»։
Այդ մեծ նպատակների շարքում, ըստ պատգամավորի, Լաչինի միջանցքում հսկողություն սահմանելն է։ Մետաքսե Հակոբյանը նկատում է, թե Լիսագորով անցնող այդ ճամփան Լաչինի միջանցքի մի մասն է, որ Շուշին շրջանցողը պիտի դառնար ու որն այդպես էլ չկառուցվեց։
Արյունոտ այդ միջադեպին հաջորդեց Արցախի նախագահի հայտարարությունը Բաքվի նոր վերջնագրի մասին՝ կա'մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա'մ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
«Կա լարվածություն։ Շատ մեծ լարվածություն, անորոշություն, բայց չկա էդ զգացումը, որ մենք պիտի ընդունենք և էսպես հեզորեն համաձայնենք, ու ի վերջո թշնամին կարողանա հաջողության հասնել», - նշեց Հակոբյանը։
Եթե հուսահատության նշույլներ կան, միայն իշխանությանն են ուղղված, հավելում է արցախցի պատգամավորը։ Ստեփանակերտ - Բաքու շփումներին դեմ էին ի սկզբանե։ Ըստ Հակոբյանի՝ հարցերը քաղաքական են, ի՞նչ հումանիտար քննարկում պիտի լիներ ... Մարդիկ երեք ամիս դիմացել ու դիմանում են շրջափակման դժվարություններին։
«Արտաքին քաղաքական գլոբալ գործընթացներով է պայմանավորված նաև էդ վերջնագիրը և վերջնագրին հետևող մեր գործողությունները։ Իրենք իրար հետ կապված են, և այնքան ժամանակ, ինչքան ռուսական խաղաղապահ առաքելությունը այստեղ է՝ նույնիսկ առանց մանդատի հստակեցման, մենք պետք է հասկանանք, որ լայնածավալ գործողությունները քիչ հավանական են», - ասում է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը։
Սադրանքներ, կոնֆլիկտի փոքր օջախներ՝ իշխանական պատգամավորը չի բացառում, որ կլինեն առաջիկայում։ Նա օբյեկտիվ է համարում խաղաղապահների գործունեությունից արցախցիների դժգոհությունը, որ թափ առավ ադրբեջանական վերջին հարձակումից հետո. - «Պետք է գնանք նրան, որպեսզի որոշակի շահերի համատեղման արդյունքում ռուսական խաղաղապահ առաքելությանը պարտավորեցնող մանդատ տրվի։ Որպեսզի մենք կարողանանք մեր պահանջները ձևակերպելուց նշենք, որ էսինչ կետի էսինչ հատվածի համաձայն, պարտավոր էիք էստեղ կրակել»։
Ըստ օմբուդսմենի զեկույցի, ռուս խաղաղապահները կիրակի օրը դեպքի վայր են հասել հարձակումից 30-40 րոպե անց։ Դեպքի վայրը Ստեփանակերտից 5-6 կիլոմետրի վրա է։