Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է պաշտոնական պնդումները, համաձայն որոնց՝ նախօրեին ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Զինված ուժերի շարասյուն են ուղեկցել:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաև ՀՀ Զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունը տարածվել էր երեքշաբթի երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտին: 2020 թվականի աշնանից՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի տեղակայումից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը բացահայտորեն մեղադրում էր խաղաղապահներին հայկական կողմի ռազմական նշանակության բեռներն ու շարասյուներն ուղեկցելու մեջ։
«Մարտի 5-ի միջադեպից հետո Հայաստանի Զինված ուժերն ու անօրինական հայկական զինված կազմավորումները, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ, կրկին ռազմական նպատակներով օգտագործել են Խանքենդի-Խալաֆլի-Թուրշսու գրունտային ճանապարհը», - հայտարարում էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ օգտագործելով ղարաբաղյան բնակավայրերի ադրբեջանական տեղանունները։
«Մարտի 7-ին օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի Զինված ուժերի ռազմական տրանսպորտային միջոցների և անօրինական զինված կազմավորումների՝ շարասյունով տեղաշարժը՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ», - հավելում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ զգուշացնելով, որ եթե այդ գործողություններն «անհապաղ և մեկընդմիշտ չդադարեցվեն, ադրբեջանական կողմը ստիպված կլինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Զինված ուժերի և անօրինական զինված կազմավորումների գործողություններն Ադրբեջանի ինքնիշխան տարածքում դադարեցնելու համար»:
«Տեղի ունեցած դեպքերը ևս մեկ անգամ հաստատում են Լաչինի ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության ռեժիմի հաստատման անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը», - այսպես է եզրափակում իր հայտարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Երեկ ուշ երեկոյան ռազմական գերատեսչությանը զուգահեռ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ կրկին պահանջելով դուս բերել հայկական ուժերը Ղարաբաղից:
«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական կողմի՝ մեր տարածքների 30-ամյա օկուպացիայից հետո էլ շարունակվող սադրանքները կանխելու, մինչ օրս Հայաստանի ստանձնած պարտավորություններին հակառակ Ադրբեջանի տարածքից դուրս չբերված հայկական զինված ուժերի դեմ պայքարելու համար», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ պնդելով նաև, թե դրանով Բաքուն փորձելու է կանխել «զենքի, զինամթերքի և ականների տեղափոխումը ինքնիշխան տարածքներում»: «Նման քայլերը Ադրբեջանի սուվերեն իրավունքն է», - պնդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը: