Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմի անհրաժեշտությունը, նաև՝ սպառնում


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաև սպառնում է «ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե Հայաստանը շարունակում է ռազմական փոխադրումները Արցախ: «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն», - ասված է հայտարարությունում:

Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իրենց բնապահպան ակտիվիստներ անվանող մի խումբ ադրբեջանցիների կողմից արգելափակված է արդեն մոտ երեք ամիս:
Հայաստանը բարձրագույն մակարդակով քանիցս հայտարարել է, որ Արցախից դուրս է բերել իր բոլոր զինծառայողներին, նաև առաջարկել է այդ փաստը ստուգելու համար միջազգային առաքելություն գործուղել տարածաշրջան:

Բաքուն նաև մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մարտի 5-ի զինված միջադեպի «փաստերը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ». Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երեկ հաստատել է, որ կիրակի առավոտյան Արցախում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ, մինչդեռ, առաջինը հայկական կողմն է կրակել «օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստուգում իրականացնելու համար» մեքենային մոտեցած ադրբեջանցի զինծառայողների վրա:

Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախում ոստիկանական ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ մեկ սպա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է երկու, վիրավորվել՝ առնվազն մեկ զինծառայող։ Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է միջադեպի տեսանյութը, չնայած դրան՝ Բաքուն սեփական վարկածն է պնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG