Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին կողմնակալության մեջ է մեղադրում Փարիզին


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Բաքուն քննադատում է Փարիզին` Արցախում ոստիկանական մեքենայի վրա զինված հարձակման փաստն արձանագրող հայտարարության համար:

Մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքելով՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հստակ մատնանշել էր, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդում է՝ «պաշտոնական Փարիզը շարունակում է կանխակալ և չհիմնավորված դիրքորոշում ցուցաբերել»:

«Ադրբեջանի տարածքում սադրանքի նման արդարացումն անընդունելի է», - նաև հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե Բաքուն «լի է վճռականությամբ՝ հայկական կողմի շարունակական սադրանքները կանխելու համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»։

Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախում ոստիկանական ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ մեկ սպա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է երկու, վիրավորվել՝ առնվազն մեկ զինծառայող։ Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է միջադեպի տեսանյութը, չնայած դրան՝ Բաքուն սեփական վարկածն է պնդում, թե առաջինը հայկական կողմն է կրակել «օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստուգում իրականացնելու համար» մեքենային մոտեցած ադրբեջանցի զինծառայողների վրա:

XS
SM
MD
LG