Մատչելիության հղումներ

Արցախում ու Հայաստանում  հնարավոր է իրավիճակ փոխել, եթե փոխվի բանակցողը. Սերժ Սարգսյան


Արցախում ու Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել, եթե գլխավոր բանակցողը փոխվի, համոզված է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա՝ ոչ միջնորդները, ոչ էլ Ադրբեջանը լուրջ չեն վերաբերվում վարչապետ Փաշինյանին։

«Ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ պետք է փոխվի բանակցողը», - ասաց նա։

Սարգսյանը վերահաստատեց՝ իշխանության վերադառնալու հավակնություն չունի, երբեք չի լինելու Հայաստանի բանակցողը, բայց վստահ է, որ ղեկավարի փոփոխությունից բանակցային ընթացքն այլ հունով կարող է գնալ։

«Իրավիճակը, այո, շատ դժվար կլինի, ով որ նրան փոխարինի, անասելի դժվար կլինի, բայց ես կարծում եմ՝ դա հնարավոր է», - նշեց նա։

Սերժ Սարգսյանն այսօր կարճ պատասխանեց լրագրողների հարցերին իր գրքի շնորհանդեսի ժամանակ։ «Բանակցային առաջնագծում» վերնագրով գրքում Հայաստանը տասը տարի ղեկավարած Սարգսյանն ամփոփել է իր պաշտոնավարման ու պաշտոնաթողության տարիների ելույթներն ու հայտարարությունները արցախյան բանակցության թեմայով։


«Մենք իրականության մեջ ադրբեջացիներ հետ չենք բանակցել, մենք բանակցել ենք միջնորդների հետ, որովհետև ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք, իրենք ուզում են, որ ամբողջն իրենցը լինի, մի բան էլ ավելի», - շեշտեց նա։


Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ռուսամետ չէ, բայց համարում է, որ Ռուսաստանն է Հայաստանի լավագույն դաշնակիցը, Հայաստանն այլընտրանք չունի. «ՆԱՏՕ-ն գալու է, այստեղ բազա դնի՞, եվրոպական մի որևէ երկիր Ղարաբաղում կոնտինգենտ է՞ ունենալու։ Դուք շատ լավ գիտեք, որ ես երբեք հակաեվրոպա էլ չեմ եղել բացարձակապես, այսինքն՝ ասածս, իմ կշտամբանքն այս պահին վերաբերում է ոչ թե ՆԱՏՕ-ին կամ Եվրոպական միությանն, այլ այն ավանտյուրիստներին, ովքեր, չգիտեմ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, փորձում են այստեղ ամեն ինչը պղտորել»։

Արցախն ու Բաքուն կարո՞ղ են երկխոսել միջազգային երաշխիքով, հայկական կողմի դիրքորոշումը, որ պետք է Արցախի հարցը տարանջատել հայ-ադրբեջանականից ու Արցախի համար միջազգային երաշխիքներ ձևավորել, ունի՞ հեռանկար, կգործի արդյոք դա, հարցերին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց՝ վստահ է՝ կան այդպիսի պետություններ, որ կարող են զսպել Բաքվին։

«Միջազգային մի քանի ուժեր կան, նույնիսկ առանձին երկրներ, որ ցանկության դեպքում կարող են Ադրբեջանին սսկեցնել»։

Իսկ որոնք են այդ երկրները՝ Հայաստանի նախկին բանակցողը խուսափեց նշել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG