Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքեն. «Մենք ձեր կողքին կլինենք այնքան, որքան անհրաժեշտ է Թուրքիան վերականգնելու համար»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է լրացուցիչ օգնություն Թուրքիային, Ինջիրլիքի ռազմակայան, 19 փետրվարի, 2023թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է լրացուցիչ օգնություն Թուրքիային, Ինջիրլիքի ռազմակայան, 19 փետրվարի, 2023թ.

ԱՄՆ ողջունում է Հայաստանի հետ կապերը բարելավելու Թուրքիայի քայլերը:

«Հիրավի դժվար է խոսքով նկարագրել այն, ինչ տեսնում ես»

Երեկ Թուրքիայի Ինջիրլիքի օդակայան է ժամանել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը: Պաշտոնական այցի օրակարգում ավերիչ երկրաշարժ վերապրած Թուրքիային օգնություն տրամադրելու հարցն է: Կողմերը նաև քննարկում են միջազգային զարգացումներն ու ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցը:

Ինջիրլիքում պետքարտուղարին դիմավորել է արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Երկու դիվանագետներն ուղղաթիռով թռիչք են կատարել առավել տուժած շրջանների վրայով: Բլինքենը խոստովանել է, որ քարուքանդ եղած բնակավայրերի տեսարանը ծանր տպավորություն է գործում:

«Մենք այստեղ ենք, որ օգնենք Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին, քիչ առաջ առիթ ունեցա տեսնելու երկրաշարժի հետևանքները, հիրավի դժվար է խոսքով նկարագրել, տեսնում ես մի կանգուն շենք, կողքինն՝ ավերված, դրա կողքին էլ՝ ինչ-որ կառույց, որ դեռ կանգուն է, սա հուշում է, թե ինչ ծավալ ունի աղետը, տասնյակ հազարավոր մահեր, տասնյակ միլիոնավոր տուժած մարդիկ, և իհարկե դեռ չգիտես ամբողջ վիճակը»,- ասել է Բլինքենը:

Պետքարտուղարի օդանավն էլ է օգնություն հասցրել, և Բլինքենը մասնակցել է արկղերի բեռնաթափմանը:

«85 միլիոնի օգնություն է հատկացվել կացարանների, ջրի և պարենի, դեղորայքի և հագուստի համար, դա անմիջապես երկրաշարժին հաջորդած մի քանի օրերին, այսօր ես կարող եմ հայտնել, որ մենք ևս 10 միլիոնի օգնություն կբերենք ծանր կարիքի մեջ հայտնված աղետյալների համար»,- երեկ ասել է Բլինքենն Ինջիրլիքում:

«Ամերիկան այստեղ է, որ աջակցի կարիքի պահին»

Իսկ արդեն այսօր մայրաքաղաք Անկարայում Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում Բլինքենը հավաստիացրել է, որ Ամերիկան Թուրքիայի հետ է:

«Ամերիկան այստեղ է, որ աջակցի ձեզ ձեր կարիքի պահին, և մենք ձեր կողքին կլինենք այնքան, որքան անհրաժեշտ է Թուրքիան վերականգնելու և վերակառուցելու համար»,- ասել է պետքարտուղարը:

Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան միասին պայքարում են համաշխարհային ահաբեկչության դեմ և ջանքեր են գործադրում Բալկաններում, Կովկասում և մոլորակի այլ թեժ կետերում խաղաղությունն առաջ տանելու համար:

Առաջ տանել խաղաղությունը Բալկաններում և Կովկասում

«Մենք բարձր ենք գնահատում դրական քայլերը, որոնք Թուրքիան անում է Հունաստանի, Հայաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, ի դեպ, երկրաշարժից հետո Թուրքիա այդ երկրներից ժամանած փրկարարները կողք կողքի են աշխատել իրենց թուրք գործընկերների հետ»,- ասել է Բլինքենը:

Պետական քարտուղարը նաև ողջունել է «Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն անվերապահորեն սատարելու Թուրքիայի դիրքորոշումը»:

Ամերիկիայի և Թուրքիայի դիվանագիտական կորպուսների ղեկավարներն Անկարայում անդրադարձել են նաև F-16 տեսակի օդանավերի և ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցերին:

Չավուօղլուն գովեստով նշել է, որ Սպիտակ տան վարչակազմը կողմ է օդանավերի գործարքին: Այն դեռ պետք է հավանություն ստանա Կոնգրեսում:

Օրակարգի հրատապ հարցերից են F-16-ները և ՆԱՏՕ-ի ընդարձակումը

Ապա նա խոսել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցման հետ կապված Թուրքիայի ակնկալիքների մասին:

«Մշտական կոմիտեի [ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների խումբը] հետաձգված նիստը տեղի կունենա Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մեր գործընկերները կքննարկեն արված և չարված քայլերը երկու երկրների անդամակցման գործընթացում»,- ասել է Չավուշօղլուն:

Միացյալ Նահանգների պետական քարտուղարին այսօր Անկարայում ընդունել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս հանդիպման օրակարգում էլ ոչ միայն երկրաշարժի թեման է, այլև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը:

Թուրքիան այս հարցում առարկություններ ունի և պնդում է, որ հատկապես Շվեդիան ապաստան է տալիս ահաբեկիչներին:

Դեռ երկրաշարժից առաջ թուրքերը նկատել են տվել, թե կարող են նախ հավանություն տալ Ֆինլանդիայի անդամակցմանը, մինչդեռ, սկանդինավյան երկու երկրները բազմիցս ընդգծել են, որ ցանկանում եմ միասին անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:

Նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո Բլինքենն Անկարայում այցելել է աշխարհիկ Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի շիրիմին և հարգանքի տուրք է մատուցել հանրապետության հիմնադիրին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG