Անկարայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել վավերացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ արևմտյան ռազմական պաշտպանական դաշինքին միանալու հայտերը։
«Ժամանակն է վավերացնել և՛ Ֆինլանդիայի, և՛ Շվեդիայի հայտերը», - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ստոլտենբերգը:
Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան պնդել է՝ Շվեդիան պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
«Շվեդիայից մենք դեռևս չենք տեսել հստակ քայլեր։ Օրենքներում փոփոխություններ են կատարել, բայց սիրիացի քրդերի ուժերի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչների գործունեությունը շարունակվում է», - հայտարարել է Չավուշօղլուն` հավելելով, որ Անկարան կարող է Ֆինլանդիայի անդամակցության գործընթացն առանձին դիտարկել։
Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու գործընթաց են սկսել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Սկանդինավյան զույգ երկրների անդամակցության հայտը հաստատել են դաշինքի 30 անդամներից 28-ը։ Հունգարիայի խորհրդարանը խոստանում է փաստաթուղթը վավերացնել առաջիկայում, Թուրքիան, սակայն, մի շարք պահանջներ է առաջ քաշել՝ մասնավորապես Շվեդիային ուղղված, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի ընդդիմախոսների արտահանձնում: