Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել երեկ Մոսկվայում առանց հայկական կողմի կայացած Լավրով-Բայրամով հանդիպմանը հնչած հայտարարություններին։
Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել էր մեկնել Մոսկվա, ինչից հետո Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ միջադեպերը կշարունակվեն, ավելի երկար և ավելի մեծ կլինեն, եթե ամեն անգամ կողմերից մեկը հրաժարվի համաձայնեցված բանակցային փուլից։
Սերգեյ Լավրովի հայտարարությունը դաշնակցին բնորոշ չի համարում իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Ինչո՞ւ է Լավրովն իրեն, կներեք, էդպես լկտի պահում։ Չեմ կարծում, որ Լավրովը չի գիտակցում, որ դա միջադեպ չի, դա կազմակերպված սադրանք է, և քանի որ դեպքերի բերումով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնել է Լաչինի միջանցքում անխոչընդոտ երթևեկությունը բեռների, մարդկանց, տրանսպորտային միջոցների, նա, որպես այդ երկրի արժանապատիվ նախարար, ընդամենը պետք է որևէ հանդիպում չնշանակեր, այլ պայման դներ Ադրբեջանի առջև՝ բացել ճանապարհը նոր նստել խոսել», - ասաց Վիգեն Խաչատրյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորն արդարացված է համարում այս պայմաններում Արարատ Միրզոյանի՝ մոսկովյան հանդիպմանը չմասնակցելու որոշումը։
«Օրինակ, մենք դեմ չենք, որ որևէ բանակցություն լինի, ցանկացած բանակցություն պետք է ճշտել՝ ինչի շուրջ և ում միջև։ Օրինակ՝ էդ բնապահպաններն ո՞ւմ են ներկայացնում, ո՞ր կազմակերպությունը, միջազգային կամ գործող օրենսդրության ո՞ր պահանջով են ուզում բանակցել։ Մենք պիտի խնդրե՞նք, որ փոխադարձ պարտավորությունները կատարեն։ Որևէ բանակցություն սպառնալիքի տակ չի արվում, իսկ եթե իրոք Ադրբեջանը ցանկանում է բանակցել, նորմալ ցանկություն է, բայց ազատեք ճանապարհը, ճնշման ուժի դիրքերից հանդես մի եկեք, քննարկեք բանակցելու չափանիշները», - ասաց պատգամավորը։
Եռակողմ հանդիպմանը Հայաստանի բացակայության մասին այլ կարծիքի է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններին պետք էր հենց տեղում հակադարձել։
«Հիմա առիթ էր՝ պետք էր գնալ, ներկայացնել պահանջները երկու մեղադրանքերի հասցեատերերին և խոսքը լսելի դարձնել, այսպես ասած, համաշխարհային հանրությանը։ Եթե նայում ենք էդ մի ժամանոց մամուլի ասուլիսը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների, տեսեք, կես ժամ Բայրամովը Հայաստանի հասցեին ինչ ստոր սուտ, մեղադրանք ասես հղում էր՝ 2021 թվականի արտադրության ականների տեղափոխում, նույնիսկ այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում էթնիկ զտման իրականացում, Ադրբեջանի էկոլոգիան, ազգային հարստությունը թալանելը, որոշակի պարտականությունների կատարումից հրաժարվելը, չկար մեկը, որ իրան հակադրեր», - ասաց Խաչատրյանը։
Չնայած արտգործնախարարների եռակողմ հանդիպման չեղարկմանը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունները կկարգավորվեն փուլ առ փուլ։ Առաջընթաց կլինի այնպիսի հարցերում, ինչպիսին են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, մարդասիրական հարցերի լուծումը։