Մատչելիության հղումներ

Ռուսներին պետք է ցանկացած ճանապարհ, որն անվերահսկելի է․ Հովսեփ Խուրշուդյան


Ռուսաստանը շնչահեղձ լինող երկիր է, «Ազատության» հետ զրույցում նկատում է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ շեշտելով՝ ռուսներին պետք է ցանկացած ճանապարհ, որն անվերահսկելի է։

Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար լինելու է անվերահսկելի, որովհետև իրենք են վերահսկելու՝ ընդգծեց Խուրշուդյանը՝ շեշտելով՝ դա նշանակում է, որ սանկցիոն բեռներ կարող են այնտեղով անցնել։

Ըստ Խուրշուդյանի՝ Հայաստանը չի համաձայնում և շատ ճիշտ է անում, որովհետև ընդհանրապես Հայաստանն իր արժեքը կկորցնի, եթե իր տարածքի միջով անցնող բեռների վերահսկողությունն էլ կորցնի։

Խուրշուդյանի հետ հարցազրույցից մի հատվախ ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Միջանցքի մասին․ավտոճանապարհը կարծես թե չի ստացվում և նորից կա ռուսական նախաձեռնություն՝ երկաթուղին վերագործարկել։ Ադրբեջանը դրան համաձայնելո՞ւ է։ Նա փաթեթ է ուզում՝ բոլորը միասին և, պարզ է, իր ուզած միջանցքով։

Խուրշուդյան․ - Լաչինի միջանցքում էս բնապահպան կոչեցյալի թատերական ներկայացումը հենց նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելուն էր ուղղված, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքին» հասնելու նպատակով։ Այսինքն՝ իրենք անընդհատ էդ նարատիվը տարածում են, որ «եթե դուք ստեղ ազատ ելումուտ ունեք, թողեք էնտեղ էլ մենք ազատ ելումուտ ունենանք»։ Եվ քանի որ հիմա երկաթգծի շուրջ բանակցությունները ուժեղացել են, Դուք գիտեք, Պուտինն էլ էստեղ հայտարարեց դրա մասին և նիստ եղավ Մոսկվայում, ես վստահ եմ՝ նաև այս ռուս-ադրբեջանական ակտիվ շփումները՝Բայրամով-Լավրով, Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների այցելությունը Բաքու նաև դրա հետ էր կապված։

Ռուսաստանը շնչահեղձ լինող երկիր է, իրեն պետք է ցանկացած ճանապարհ, որն անվերահսկելի է, իսկ իր համար դա լինելու է անվերահսկելի, այսինքն՝ ինքն է վերահսկելու, հայերը չեն վերահսկելու, էդ նշանակում է, որ սանկցիոն բեռներ կարող են անցնել։ Իսկ հայերի վերահսկողությունը՝ ապահովելու, որ ոչ մի սանկցիոն բեռներ չանցնեն, որովհետև, եթե մենք վերահսկենք էդ ճանապարհը և այնտեղով սանկցիոն բեռներ անցնեն, մենք կընկնենք երկրորդային սանկցիաների տակ, ոնց որ իռլանդական ինքնաթիռը, որ ռուսական լիզինգի մեջ էր, եկավ ստեղ նստեց, մենք սիրուն վերցրեցինք, արտահանձնեցինք Իռլանդիա, որովհետև, եթե չարտահանձնեինք, մենք սիրուն ընկնելու էինք սանկցիաների տակ և ռուսները դա հասկացան։

Իրենց բացատրվեց, որ «չենք կարող մենք սանկցիոն բաներ մեզ մոտ թույլ տալ»։ Նույնը հիմա իրենք ասում են՝ «դե որ չեք կարող, էդ ФСБ-ի վերահսկողության տակ տվեք, տակն էլ ստորագրեք, որովհետև չեք վերահսկելու, որ միջազգային հանրությանն էլ ասեք, որ էնտեղ մերը չի, կոպիտ ասած, տվել ենք ռուսներին», ինչին չի համաձայնում Հայաստանը և շատ ճիշտ է անում, որովհետև ընդհանրապես մեր արժեքը կկորցնենք, եթե մեր տարածքի միջոցով անցնող բեռների վերահսկողությունն էլ կորցնենք, իսկ դա միայն սանկցիոն բեռներին չի վերաբերում, դա նաև ռազմական մատակարարումներին է վերաբերում Թուրքիայից դեպի Ադրբեջան, որը եթե Ռուսաստանն է վերահսկելու, այսինքն՝ եթե մեր դեմ ուղղված լինի էդ զենքերի մատակարարումներն, իրենք թույլ կտան, իսկ, օրինակ, Միջին Ասիա տեղափոխելուց, թույլ չեն տա։ Ինչ-որ ձեռք չի տա, թույլ չեն տա։

Երևանն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, թե Բաքուն Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու մտադրություն ունի։ Կիրակի օրը Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները մոտ 4 ժամ «բնապահպանական պատճառաբանությամբ» փակ պահեցին ճանապարհը։ Ստեփանակերտը սադրանք, խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու փորձ որակեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատումը։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»։ Նա նշել էր, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։ Սա մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեց թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում։

Արցախի անվտանգության խորհուրդն ավելի ուշ պարզաբանեց՝ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։

Ակտիվացել են խոսակցությունները նաև Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերագործարկման շուրջ։ Մոտ տասն օր առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե Երևանը «որոշակի ազդակներ է ստացել և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը և առաջիկայում այդ ուղղությամբ երկաթգծի վերականգնման ոլորտում մեծ ներդրում անելու անհրաժեշտություն կարող է ի հայտ գալ»։​ Հարցը քննարկվեց նաև դեկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մոսկովյան հանդիպման ժամանակ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG