Մատչելիության հղումներ

Վերջնական որոշում չկա՝ խաղաղության պայմանագրով է ԼՂ հարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմով. ԱԽ քարտուղար


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Դեռևս վերջնական որոշում չկա՝ խաղաղության պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու: Հայկական կողմը, ըստ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հիմա այդ հարցն է փորձում հասկանալ։

Ադրբեջանը առհասարակ մերժում է Ղարաբաղի հարցով ցանկացած քննարկում՝ պնդելով, թե խնդիրը պատերազմով լուծել է։ Մեկ ամիս առաջ էլ Հայաստանի երկրորդ պաշտոնյան՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասում՝ Արցախ բառը չպետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի տեքստում։

«Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրով ենք դա անելու, թե խաղաղության պայմանագրից դուրս: Խաղաղության պայմանագրում որոշակի այդպիսի նախադասություններ կան, որից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա դա պետք է հստակ նշվի, կամ ստեղծվի միջազգային մեխանիզմ», - նշեց Արմեն Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարն ասաց՝ Հայաստանն աշխատում է Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի տեքստի վրա, որպեսզի հայկական կողմի նկատառումներով վերադարձնի։ Թե ինչ կետեր է ներկայացրել Ադրբեջանը, փակագծեր չբացեց, միայն ասաց՝ նախկին 5 կետերն ավելի բացած։ Առաջին տարբերակում Ադրբեջանն առաջարկել էր ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանազատում իրականացնել, բացել տրանսպորտային ուղիները, զերծ մնալ տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից։

«Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիրը, ավելի մոտիկ լինել տարեվերջին՝ դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստացվի, բայց մենք շարունակելու ենք աշխատել», - ընդգծեց նա:

Հենց Արմեն Գրիգորյանն էր հայտարարության հեղինակը, որ կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հիմա նա էլ, հայաստանցի մի շարք պաշտոնյաների նման այլևս նախկին լավատեսությունը չուներ։ Բայց այդպես էլ չբացահայտեց՝ ինչն է մասնավորապես խոչընդոտում խաղաղության գործընթացին։ Չնայած իշխանական շրջանակներից հայտարարում էին, որ կան արևմտյան ու ռուսական առաջարկներ, ԱԽ քարտուղարն այսօր պնդեց՝ խաղաղության պայմանագրի երկու տեքստ կա՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջարկածը։ Խաղաղության պայմանագրի տեքստ արևմտյան որևէ մայրաքաղաքից չեն ստացել։ Իսկ ռուսական տարբերակն ավելի շահավետ չէ՞ր, այնտեղ առաջարկվում էր Ղարաբաղի հարցը թողնել հետոյին։ Ինչո՞ւ այդ փաթեթը տեղ չգտավ Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումից հետո ընդունված Սոչիի հայտարարության մեջ. Գրիգորյանն առաջարկեց Ռուսաստանից հարցնել:

«Սոչիի հանդիպումից առաջ մենք և հրապարակային, և ոչ հրապարակային առաջարկել ենք, որպեսզի Ռուսաստանի առաջարկած փաթեթը նշվի Սոչիի հայտարարության մեջ: Սոչիի հայտարարությամբ դա չի նշվել, երևի ճիշտ կլինի՝ Ռուսաստանից հարցնեք», - ասաց նա:

Հայաստանը դիտարկում է հայ-ադրբեջանական հանդիպման բոլոր միջնորդությունները՝ և ռուսական, և արևմտյան, բայց Արմեն Գրիգորյանը բանակցությունների որևէ հստակ ժամկետ չնշեց. «Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, որ նա չեղարկում է Բրյուսելի հանդիպումը, որոշակի խնդիրներ են ստեղծվել, բայց Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը: Դա կարող է լինել Սանկտ Պետերբուրգում, դա կարող է լինել Բրյուսելում կամ որևէ այլ տեղ»:

Արմեն Գրիգորյանն այդպես էլ չհստակեցրեց՝ արդյոք Հայաստանը դիմել է Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ժամկետը երկարաձգելու համար։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը կայացվեց սեպտեմբերյան արյունալի բախումներից հետո։ Չնայած կրակոցները չեն դադարել, բայց լուրջ սրացումներ էլ այս ընթացքում տեղի չեն ունեցել։ Երևանը կարծում է՝ նրանք զսպում են Ադրբեջանին։

«Լավ կլիներ, եթե նրանք ավելի երկար լինեն տարածաշրջանում, և եթե Եվրոպական միության կողմից այդպիսի քայլ լինի, Հայաստանը կողջունի», - շեշտեց Գրիգորյանը:

Մինչ Երևանը չի բացահայտում երկարաձգման հեռանկարի հարցով իր քայլերը, Մոսկվայից հայտարարում են՝ եթե դա տեղի ունենա, կարձագանքեն։ Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան կրկին պնդել է, թե Արևմուտքը փորձում է ամրապնդել դիրքերը Կովկասում և տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին:

Եվրոպական առաքելության ժամկետն 12 օրից է լրանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG