Մատչելիության հղումներ

«Մենք գիտենք՝ իմ կատարած հանցագործությունը ինչում է կայանում, որը քրեական արդարադատության հետ որևէ առնչություն չունի». Մամիկոն Ասլանյան


Դատարանը հաջորդ շաբաթասկզբին կորոշի՝ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ նաև դատաքննության ընթացքում, թե՞ ազատության մեջ կմասնակցի իր դեմ հարուցված գործի դատական նիստերին։ Կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան արդեն կես տարի կալանավորված է։

Այսօր տեղի ունեցած առաջին դատական նիստին մեղադրող դատախազ Նարեկ Մովսիսյանը պնդեց, թե Ասլանյանը կարող է խոչընդոտել դատաքննությանը, օգտագործել նախկին համայնքապետի իր դիրքն ու ունեցած կապերը և համոզել, հարկադրել կամ այլ անօրինական եղանակով ազդել գործին առնչվող տեղեկություններ ունեցող անձանց վրա։ Հետևաբար պետք է մնա կալանքի տակ, պնդեց դատախազը։

«Այսինքն գործի կոնկրետ հանգամանքները մեղադրյալ Մամիկոն Ասլանյանին վերաբերվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունը, որ նա ազատության մեջ հայտնվելով կարող է խորչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով», - հայտարարեց Մովսիսյանը:

Կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելով համայնքապատկան հողեր վաճառելու համար մեղադրվող Ասլանյանի 4 դատապաշտպանները հակադարձեցին՝ նախաքննության 6 ամիսներին բոլոր ապացույցները հետազոտվել են, 30 վկաներ հարցաքննվել են և, ըստ պաշտպանների, նրանցից որևէ մեկը նախկին համայնքապետի դեմ ցուցմունք չի տվել, կալանավորված Ասլանյանի հետ որևէ առերեսում չի եղել։ Ավելին, պաշտպանները նշեցին, թե գործին առնչվող անձանց ցուցմունքներում չկա որևէ պնդում, որի հետ իրենք համաձայն չեն։ Այս դեպքում ինչի՞ կամ ո՞ւմ վրա պետք է ներգործի Մամիկոն Ասլանյանը, հարց բարձրացրին պաշտպանները։

«Հիմա եթե անձը մեղադրանքը հերքող ցուցմունք է տվել, Մամիկոն Ասլանյանը ազատության մեջ մնալով պետք է գնա այդ անձի վրա ազդեցություն ունենա, որ գա իր դեմ ցուցմունք տա՞», - ասաց պաշտպաններից մեկը:

«Ինձ թվում է խոսել միայն կալանքի մասին ոչ միայն ոչ իրավաչափ է, նաև ոչ մարդասիրական և ոչ հումանիստական է», - ընդգծեց մյուս փաստաբանը:

Անհիմն համարեցին մեղադրողի փաստարկը, թե Մամիկոն Ասլանյանը 5 տարի համայնքապետ է եղել ու կարող է խոչընդոտել արդար դատաքննությանը։ Պաշտպանները, ու նաև ինքը՝ Ասլանյանն իրենց խոսքում շեշտեցին՝ անցած տարի օգոստոսին քրեական գործ հարուցվելուց հետո Մամիկոն Ասլանյանը երկու ամիս ղեկավարել է համայնքը։ Այդ ընթացքում քննիչներին է ներկայացրել պահանջած բոլոր փաստաթղթերը, չի խուսափել կամ չի խոչընդոտել քննությանը։

«40 վկաների մեջ չկա գեթ մեկ ցուցմունք, որ կարար ինձ հակադրվեր, ու ես կարող էի խոչընդոտել, մանավանդ, որ մինչև հոկտեմբերի 10-ը ես եղել եմ համայնքի ղեկավար և այդ ժամանակ կարող էի և՛ խոչընդոտել, և՛ քրեական գործին վերաբերվող որևէ նյութ չտալ», - ասաց Ասլանյանը:

Այսօրվա դատի ընթացքում Վանաձորի նախկին համայնքապետի պաշտպանները նշեցին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի օրինակը։ Նա դեռ 2018 թվականից մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, բայց դատաքննության ընթացքում ազատության մեջ է եղել։ Ավելին, անցած տարի մասնակցել է ընտրություններին ու վերընտրվել իր պաշտոնում։

«Էդ գործով հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները, դատախազությունը ևս միջնորդել է առաջին ատյանի դատարանում կրկին կալանավորել Դավիթ Համբարձումյանին, երկու անգամ միջնորդել է, երկու անգամն էլ մերժվել են հենց այն պատճառաբանությամբ, որ նախաքննությունն արդեն ավարտվել է, այդ որոշումները բողոքարկվել են, այդ որոշումներն էլ օրինական ուժի մեջ են», - հայտարարեց փաստաբանը:

Մեղադրյալ Մամիկոն Ասլանյանը խոսք ուղղեց դատախազին ու ակնարկեց, թե իր դեմ քրեական գործն արհեստական է։ Նա կալանավորվել էր դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած դաշինքի հաղթանակից հետո։ Անհասկանալի համարեց, թե ինչո՞ւ դատախազությունն իր պաշտոնավարման տարիներին օտարված 600 հողատարածքներից մի քանիսին է միայն անդրադարձել քննության ընթացքում։ Ասաց՝ ընտրողաբար են մոտեցել, քանի որ, ըստ նրա, նույն հաջողությամբ կարող էին ապօրինի համարել բոլոր մյուս օտարումները։

«Մենք ոչ մի քաղաքական երանգավորում այս պահին գոնե չենք ուզում տալ, որովհետև մենք գիտենք՝ ես խի եմ ստեղ նստած, իմ կատարած հանցագործությունը ինչում է կայանում, որը քրեական արդարադատության հետ որևէ առնչություն չունի, բայց ես ուզում եմ ուղղակի հորդորել՝ բերեք մենք չհակադրվենք միմյանց», - ընդգծեց Մամիկոն Ասլանյանը:

Մեղադրող դատախազն իր հերթին հակադարձեց, թե այսօր մեղադրանքին անդրադառնալու ժամանակը չէ։ Դատաքննության ընթացքում կներկայացնեն նախկին համայնքապետի մեղքը հաստատող ապացույցները։ Դատավորը Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ գրավով ազատ արձակելու մասին որոշումը կկայացնի հունիսի 13-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG