Մատչելիության հղումներ

Վանաձորում հերթական անգամ փորձում են ավագանու նիստ գումարել


Վանաձորի քաղաքապետարանի շենքը
Վանաձորի քաղաքապետարանի շենքը

Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամ Քայանե Քալանթարյանը չի բացառում, որ կմասնակցի ավագանու առաջիկա նիստին՝ հնարավորություն տալով բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի օրակարգով նիստի անցկացմանը։

Մոտ մեկ տարի առաջ ձևավորված ավագանին դեռ չի գործում։ Համայնքը հաստատված բյուջե չունի։ Անցած տարվա ընտրություններին ամենաշատ ձայներ ստացած նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքից հետո ժամանակավոր իշխանություններին չի հաջողվում նիստեր գումարել։ Ընդդիմությունը բոյկոտում ու չի ներկայանում, թեև կա նաև վարչական դատարանի արգելքը, որ ավագանուն չի թույլատրում համայնքի ղեկավար ընտրել։

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Մամիկոն Ասլանյան դաշիքն ավագանիում ունի 15 անդամ, նրան աջակցող Հայրենիք կուսակցությունը՝ 2։ Նրանց 17 ձայնը բավարար կլիներ Ասլանյանին համայնքապետ ընտրելու համար, մինչդեռ նրա կալանքից հետո այդ մեկ ձայնն է պակասում մյուս երեք քաղաքական ուժերի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի», նրան սատարող ՀԱՍԿ-ի և չեզոք դիրք գրաված «Ապրելու երկրի» նկատմամբ առավելություն ունենալու համար։

Իշխանական կուսակցություններին էլ չի հաջողվում առանց ընդդիմության բյուջե հաստատել։ Ընդդիմության այդ մեկ ձայնն օդ ու ջրի նման անհրաժեշտ է քվորում ապահովելու համար։

Գայանե Քալանթարյանը, ով նախկինում բացառում էր մասնակցությունը իշխանության նախաձեռնած նիստերին, քանի դեռ իրենց առաջնորդ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, այսօր ասում է՝ համայնքում կուտակված խնդիրներն առանց բյուջեի չեն լուծվի. - «Երբեք ոչինչ բացառել հնարավոր չէ։ Այս պահին դա շատ կարևոր է քաղաքի համար, քանի որ խոշորացում է տեղի ունեցել, անցած տարվա բյուջեն չի կարող կիրառվել։ Թեպետ մեր կարևորագույն հարցերից մեկը լուծված չէ՝ դեռևս Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ է մնում, դեռևս քաղաքապետ ընտրելու հնարավորություն չկա»։

Մեկ տարի առաջ խոշորացած համայնքն աշխատում է նախորդ տարվա բյուջեով, Վանաձորին միացած բնակավայրերը վարչական ղեկավարներ չունեն։ Բայց արդեն հաջորդ տարվա համար օրենքները ժամանակավոր կառավարման որևէ հնարավորություն չեն տալիս՝ առանց բյուջեի հաստատման։

Համայնքապետարանը 10 օրից լսումների է հրավիրել ավագանու 5 խմբակցություններին, դրանից հետո նաև ավագանու նիստ են նախատեսել, «Ազատությանն» ասաց աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանը. - «Որևէ քաղաքական հարց չի դրվում, բացառապես սուբվենցիա, համայնքի զարգացում։ Մենք դրանից ավել չենք կարող ոչ մի բան անել, այսինքը՝ եթե հայտարարվում ա և օրակարգը ցանկացած ավագանում տրամադրվում ա, իրանք պետք ա արդեն որոշեն՝ դա իրանց քաղաքին պետք ա, թե ոչ»։

Քննարկման են դնելու 2023-ի բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի նախագծերը։ խոստանում են նախորդ տարիների համեմատ մոտ մեկուկես անգամ ավելացնել եկամուտներն ու համայնքում խոշոր ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսում են Վանաձորի ճանապարհները նորոգել, փողոցների լուսավորությունն արդիականացնել, շենքեր ու շինություններ վերանորոգել։

Անցած տարվա խոշորացումից հետո Վանաձորում որևէ խոշոր ծրագիր չի արվել։ Աղբահանությունը հատկապես քաղաքի ծայրամասերում և Վանաձորին միացած գյուղական բնակավայրերում չի գոհացնում, որոշ ճանապարհներ արդեն անանցանելի են: Մինչդեռ վանաձորցիներից շատերն անտարբեր են։ Ասում են՝ առանձնապես տարբերություն չեն տեսնում՝ համայնքը կունենա՞ր ավագանի, թե՞ ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG