Մատչելիության հղումներ

Փաստաբանները բարձրաձայնում են` կալանքի մեջ իրենց պաշտպանյալների առողջական վիճակի վատթարացման ու ոչ պատշաճ բուժօգնության մասին


Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան

Ավելի քան կես տարի կալանավորված Վանաձորի նախկին համայնքապետի կյանքին վտանգ չի սպառնում, բանտից երեկ երևանյան հիվանդանոց տեղափոխված Մամիկոն Ասլանյանն այժմ հետազոտվում է, պաշտպանյալին տեսակցելուց հետո «Ազատությանը» փոխանցեց փաստաբանը։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ պաշտպանյալը զարկերակային բարձր ճնշում ունի, և նրա առողջական խնդիրներն անազատության մեջ է՛լ ավելի են սրվել։ Նրա փաստաբանները համոզված են՝ եթե Ասլանյանը կալանքից ազատ արձակվեր, վիճակը չէր բարդանա։

«Ճնշման հետ կապված խնդիրները պարբերական բնույթ են կրել։ Պաշտպանական խմբի անդամները հարցում են կատարել Արդարադատության նախարարություն՝ իր բժշկական քարտն ենք ուզում, որպեսզի մեր հետագա գործողությունները դրանով պլանավորենք։ Ուղղակի էսպիսի կտրուկ տատանում, որն անհրաժեշտություն առաջացրեց նրան հոսպիտալացնել և հետազոտություններ իրականացնել, ըստ էության, առաջին անգամ տեղի ունեցավ։ Երեկվանից հետազոտություններն ընթանում են։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հիմա սրտի զոնդավորում են իրականացնում, որպեսզի հետագա բուժման անհրաժեշտությունը որոշեն բժիշկները», - ասաց Վարոսյանը։

Վանաձորը 5 տարի ղեկավարած 48-ամյա Ասլանյանը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով քաղաքին պատկանող հողերն օտարելու համար։

Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթակաների՝ իրավաբանին և համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։

Վանաձորի նախկին համայնքապետը հերքում է իրեն վերագրվող հանցագործությունը, ավելին՝ այս քրեական գործում քաղաքական դրդապատճառներ է տեսնում, քանի որ կոռուցպիոն այս քրեական գործը հարուցվեց Վանաձորի ավագանու ընտրություններում իր տարած հաղթանակից հետո։

Այն, որ գործը հունիսից դատարանում է, բայց Ասլանյանին շարունակում են պահել կալանքի տակ, քաղաքական հետապնդման ևս մեկ վկայակություն է, պնդում է փաստաբանը և հավելում՝ առաջին դատական նիստին դատավորը նույն հիմնավորումներով, թե ազատության մեջ կա գործը խոչընդոտելու ռիսկ, հրաժարվել է Ասլանյանին ազատել կալանքից։

«Գործի բնույթը Մամիկոն Ասլանյանին վերագրվող արարքների, փաստաթղթավորված է։ Մենք դատարանում՝ մենք, մեղադրանքի կողմը, վեճ պիտի ունենանք փաստաթղթերի շուրջ, այսինքն՝ իրավական գնահատական պիտի տանք փաստաթղթերին, դատարանն էլ վերջնական որպես արբիտր պիտի որոշի` ստեղ ինքը որևէ հանցանք տեսնում է, թե ոչ, և այստեղ վկաները, որպես այդպիսին, էական չեն, նրանք ինչ ցուցմունք կտան, ինչ ցուցմունք չեն տա։ Նորից եմ ասում՝ ամեն ինչ փաստաթղթավորված է», - ասաց Վարոսյանը։

Իրավապաշտպաններն ու փաստաբանները շարունակում են ահազանգել՝ Հայաստանում կալանքը տարիներ շարունակ կիրառվում է որպես պատիժ, և այս հարցում որևէ դրական տեղաշարժ չկա։

«Մենք կարող ենք գլոբալ նայել էս հարցին, հետ գնալ 10 տարի և տեսնել, որ մոտավորապես նույն իրավիճակն է կալանքի հետ կապված, բայց այն, որ մենք ակնկալում էին, որ գոնե հիմա պիտի նման բաներ չլինեն, սա մեծ հիասթափություն է բոլորիս համար, ով քրեական արդարադատության ոլորտի հետ շփվում է», - ասաց Վարոսյանը։

Արձագանքելով այս դժգոհություններին՝ արդարադատության նախարարն ասում է՝ կալանքից ազատ արձակման որոշումներ կայացնող դատարանների վրա իշխանությունն ազդել չի կարող։ Իր ղեկավարած կառույցը պատասխանատու է բոլոր կալանավորների պահման պայմանների, առողջության համար։

«Կալանավայրում ունենալով այն ռեսուրսը, որ մենք ունենք առողջապահական, մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ մի ազատազրկված անձ բժշկական խնդիրներով չունենա պրոբլեմ առողջության հետ, և մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում», - ասաց նա:

Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ նաև կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի բողոքին։ Վահագն Վերմիշյանը պահանջում է իրեն տեղափոխել հիվանդանոց, որպեսզի գլուխը հետազոտեն։ Նախարարը, մինչդեռ, պարզաբանեց՝ գանգատ ունեցող կալանավորը ստանում է իրենց մասնագետի աջակցությունը, սակայն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից. «Որևէ մեկը չի կարող, օրինակ, ասել` ես չեմ ուզում ձեր բժիշկներին, հենց հիմա շտապօգնություն կանչեք, մանավանդ երբ բժիշկները տեսնում են, որ դրա կարիքը չկա»:

Շուրջ երկու տարի կալանավորված Վերմիշյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, խոշոր չափերի կաշառք ստանալու, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու համար։ 57-ամյա նախկին պաշտոնյայի ինքնազգացողությունը վատացել էր իր դատական նիստի ժամանակ։

Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հակադարձում է նախարար Անդրեասյանին և պնդում՝ պաշտպանյալը ոչ թե բուժօգնությունից է հրաժարվել, այլ՝ ճնշումը չափելուց։ Նա ոչ թե դրա կարիքն ուներ, այլ պարզապես խնդրում է իրեն հետազոտության ենթարկել իր իսկ հաշվին։ Դեռ անցած տարի նրա մոտ հայտնաբերվել են գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ։

«Մենք ասում ենք գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, ՔԿՀ-ն ասում է` եկեք ձեր ճնշումը չափենք, և սա է բուժօգնությունը», - նշեց նա:

Կոչուբաևի խոսքով՝ արդեն մեկ տարի բուժվող Վերմիշյանին 5 օր է` Քրեակատարողական բժշության կենտրոնը հրաժարվում է ստուգման տանել, և ընդամենն ասել են, թե բժիշկը տեղում չէ, որ ուղեգիր տա։ Փաստաբանը պնդում է, որ Վերմիշյանն ընդամենն ուզում է պարզել՝ մեկ տարվա բուժումն ինչ արդյունք է տվել, և ինչպես պետք է շարունակի այն, սակայն Արդարադատության նախարարությունը զրկում է նրան առողջության պահպանման իրավունքից. ի վերջո, նա այդ հիվանդությունը ձեռք է բերել բանտային պայմաններում, երբ օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունի, իսկ մնացած մասն անցկացնում է նեղ խցում։

«Գուցե այդ խնդիրները բնույթով արդեն այնպիսին են, որ առաջացնեն կալանավորման հետ անհամատեղելիություն, գուցե հետազոտությունից հետո պարզվի, որ որևէ խնդիր առհասարակ չկա, կամ անհրաժեշտ է ստացիոնար բուժում, իսկ նախկինում արձանագրված փաստաթղթերով հենց ֆիքսվել էր, որ անհրաժեշտ է ստացիոնար բուժում», - հավելեց նա:

Քրեակատարողական բժշկության կենտրոնից փոխանցեցին, որ ավելի ուշ կպատասխանեն «Ազատության» հարցերին ինչպես Վերմիշյանի, այնպես էլ Վանաձորի նախկին քաղաքապետի առողջական խնդիրների ու բուժման մասին։

Մինչ այս անցած մեկ ամսում երկու կալանավոր է մահացել, մեկը՝ 50-ամյա Արմեն Մնացականյանն էր, որ մահացավ եռամսյա հացադուլից հետո, երկրորդը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, նա էլ հանկարծամահ եղավ դատարանում։ Իրավապահները քննում են երկուսի մահվան հանգամանքները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չկան։ Մեղադրյալներ ևս չկան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG