Դեկտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը իշխանական մեծամասնությունը չի տապալի, բայց ընդդիմադիրների հեղինակած հայտարարության նախագիծը չի ընդունի, եթե այն չփոփոխվի, «Ազատությանն» ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների։
Բացառելով Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաև շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։
Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը՝ շեշտելով, որ այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում։
Ընդդիմադիրները նաև անընդունելի են համարում Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու մասին Ադրբեջանի պահանջը։
«Ազատության» հետ զրույցում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, թե այս հայտարարության տեքստում որոշ փոփոխություններ են առաջարկելու, և եթե ընդդմիությունը համաձայնի, ապա խորհրդարանը միասնական հայտարարություն կընդունի։
«Ազատություն»․ - Ի՞նչ առաջարկներ ունի իշխանությունն ընդդիմության ներկայացրած հայտարարության շուրջ։ Կոնկրետ ինչի՞ շուրջ եք փորձում փոփոխությունների հասնել։
Աղաջանյան․ - Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ մենք իշխանական ֆրակցիայի անունից որոշակի փոփոխություններ թղթին կհանձնենք և օրվա ընթացքում արդեն մեր գործընկերների հետ աշխատանքային կարգով դրանք կքննարկենք։
«Ազատություն»․ - Իսկ ընդհանուր առմամբ, ընդունելի՞ է ձեզ համար հայտարարությունը։
Աղաջանյան․ - Հայատարարարության մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր որոնց շուրջ պետք է աշխատենք։
«Ազատություն»․ - Օրինակ՝ Ղարաբաղի հարցո՞վ։
Աղաջանյան․ - Մանրամասների մեջ եկեք չմտնեմ։ Կարծում եմ՝ աշխատանքային պրոցեսի արդյունքում ամեն ինչ պարզ կլինի։ Խնդրում եմ, էս պահին կոնկրետ կետերին առնչվող հարցեր մի տվեք, իմաստ չունի։
«Ազատություն»․ - Լավ, եթե հնարավոր չլինի միասնական հայտարարություն ընդունել, այսինքն՝ միասնական համաձայնության գալ այդ փոփոխությունների շուրջ, չի՞ կայանա արտահերթ նիստը, Ձեր կարծիքով։
Աղաջանյան․ - Արտահերթ նիստն ամեն դեպքում կկայանա։
«Ազատություն»․ - Այսինքն՝ իշխանական խմբակցության պատգամավորները կներկայանան, պարզապես կողմ չեք քվեարկի, եթե չփոփոխվի։
Աղաջանյան․ - Եթե չփոփոխվի, եթե ընդհանուր հայտարարի չգանք, այո՛, դեմ կքվերակենք։
Ակնկալվում է, որ իշխանական մեծամասնությունը ընդդիմության հայտարարության նախագծի շուրջ իր առաջարկները կներկայացնի այսօր։