Չկրակելու, չսպառնալու Սոչիի պայմանավորվածություններից ընդամենը 10 օր անց Հայաստանն ու Ադրբեջանը կոշտ մեղադրանքներ են փոխանակում։ Զուգահեռ նաև սահմանային լարվածությունն է աճում։
Երեկ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին մեղադրել էր Հայաստանն Ադրբեջանին կապող Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ենթարկելու հիմքեր ստեղծելու, Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումների մեջ՝ ադրբեջանական կողմի քայլերը համեմատելով ահաբեկչական «Ալ Քաիդա»-ի հետ։
«Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն», - հայտարարել է վարչապետը:
Ի պատասխան, Իլհամ Ալիևն այսօր կտրականապես հերքել է «ռազմական ագրեսիայի» մեղադրանքները։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Փաշինյանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ իրենք իրենց «հայրենի հողի» վրա են։
Ադրբեջանի ղեկավարը դարձյալ խոսել է Երևանի կողմից մերժվող «Զանգեզուրի միջանցքի» ընձեռելիք հեռանկարներից։
Փաշինյանը երեկ հայտարարեց, թե Ալիևը դրժել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ 2020-ի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այսօր Իլհամ Ալիևը հղում է արել Պրահայի ու Սոչիի հայտարարություններին, թե նույն Փաշինյանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ», - ասել է Ադրբեջանի նախագահը։
«Երբ վարչապետը մյուս բանակցողին ցեղասպանություն նախապատրաստելու մեղադրանք է ներկայացնում, այս իրավիճակում իրատեսակա՞ն է խաղաղության օրակարգից խոսել»,- հարցն «Ազատությունն» ուղղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական նախագահ Էդվարդ Աղաջանյանին:
«Խաղաղության օրակարգի կարևորագույն կոմպոնենտներից է իրականում միջազգային հանրության համար առավել ընկալելի լինելը, իսկ այս հետևությունները և դրանց արդյունքները դուք կարող եք արձանագրել կամ դրանց հետևել տարբեր մեր միջազգային գործընկերների հայաստան այցերի ակտիվության տեքսով և այլն», - պատասխանեց Աղաջանյանը:
Ազգային Ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է՝ Փաշինյանի հայտարարությունը մի նպատակ ուներ՝ սեփական մեղքը դարձյալ սրբագրել՝ հետագայում մեղավորներ նշանակելու համար: Ընդդիմադիր պատգամավորը, ադրբեջանական քարոզչական թեզերից դատելով, այս պահին հավանական է համարում կա՛մ նոր լարումը, կա՛մ Հայաստան-Արցախ ցամաքային կապի փակումը։ Այժմ կապը ապահովում է Լաչինի միջանցքին փոխարինող ժամանակավոր ճանապարհը։
«Որ ասի՝ բա ես ասում էի, որ իրենք ցեղասպան են: Քո գործը ասելը չի, դու վերլուծաբան չես, քո գործը դա կանխելն է: Սրանով է բացատրվում ազգային ժողովի շենքի շուրջ ինչ-որ ցանկապատ են սարքում, ինչ են սարքում, չգիտեմ ինչ են անում: Էս բոլորը նախապատրաստական արարներ են: Դա կարելի է անվանել խաղաղության պայմանագիր, կարելի է անվանել կապիուլյացիա, իրականում դա կապիտուլյացիա է», - ընդգծեց Մամիջանյանը:
Իշխանությունն ուղիղ չի պատասխանում հարցին՝ փոխադարձ մեղադրանքներով համեմված այս հայտարարություններն արդյոք չեն վկայում են, որ բանակցությունները փակուղում են։ Արտգործնախարարների վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո հայտարարվեց՝ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են ակտիվացնել բանակցությունները և նոր հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթների ընթացքում։ Նոր բանակցությունների ոչ օր, ոչ էլ տեղ, սակայն, կողմերը չեն շտապում հրապարակել։ Նույնը առաջնորդների դեպքում, Պրահայից հետո հայտարարվել էր, թե ևս մեկ հանդիպում նոյեմբերին Բրյուսելում կանցկացվի, սակայն Հայաստանի կառավարությունից օրը դեռ չեն հստակեցնում։