Ինչո՞ւ են «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացրել. խորհրդարանը լքող ու ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասում է, թե պատճառներից մեկը իշխանության դեմ պայքարում խորհրդարանական աշխատանքի անարդյունավետությունն է։ «Վերածնվող Հայաստան»-ում կարծում են, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել Ազգային ժողովի նիստերը, արդիական են նաև այսօր։
«Քննարկումների ընթացքում ավելի շատ մնացինք այն կարծիքին, որ բոլոր այն խնդիրները, հրատապ հարցերը, որոնք այսօր առկա են բոյկոտ հայտարարելու ժամանակ, մեզ համար շարունակում են մնալ առավել քան արդիական», - ընդգծեց «Վերածնվող Հայաստան»-ի նախագահը:
Վահե Հակոբյանի հետ միասին մանդատը վայր են դնում «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը։ Կուսակցությունից միայն ասորական համայնքը ներկայացնող Զեմֆիրա Միրզոևան կմնա «Հայաստան» խմբակցությունում։ Հակոբյանը պարզաբանեց, որ իրենք են խնդրել, որ գործընկերը չհեռանա խորհրդարանից։ Կուսակցությունում նրա անդամակցությունը սառեցվել է:
«Մենք իրեն խնդրել ենք, համոզել ենք, հորդորել ենք, որ մնա, քանի որ ասորիները չպետք է տուժեն մեր այս որոշումներից», - նշեց Հակոբյանը:
Արդյոք վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարից ու մոտ կես տարվա բոյկոտից հետո խորհրդարան վերադառնալու՝ դաշինքի մյուս գործընկերների որոշո՞ւմն է պատճառ դարձել Ազգային ժողովը լքելու համար, արդյոք «Հայաստան» խմբակցությունում տարաձայնություննե՞ր են եղել այդ հարցի շուրջ. Հակոբյանը կտրականապես հերքում է՝ վստահեցնելով՝ իրենց որոշումը խմբակցության ներսում տեղի ունեցած գործընթացների հետևանքը չէ։ Ասում է՝ կապ չունի նաև իր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ։
«Հայաստան» խմբակցության ներքին խժդժությունների մասին տևական ժամանակ է ոչ միայն մամուլն է գրում, այլ նաև Ազգային ժողովի նախագահն է դրա մասին հրապարակավ խոսում։ Ալեն Սիմոնյանն օրերս լրագրողներին ասել էր, թե հավաստի աղբյուրներից է տեղեկանում, որ ընդդիմադիր դաշինքը փլուզվում է։
«Իհարկե, շարունակվելու է պրոցեսը և գիտեմ հավաստի աղբյուրներից», - նշել է Սիմոնյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում հարգանքով են վերաբերվում իրենց գործընկերների՝ մանդատը վայր դնելու որոշմանը: Քաղաքական ուժն այդ մասին առանձին հայտարարություն է տարածել։
«Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», - ասված է հայտարարության տեքստում։
Վահե Հակոբյանն էլ է ասում՝ գործակցությունը շարունակելու են, ջերմ ձեռքսեղմամբ են հրաժեշտ տվել իրար։ Վստահեցնում է՝ իշխանությունների դեմ պայքարը շարունակելու են նաև խորհրդարանից դուրս. - «Մենք մնալու ենք ընդդիմադիր դաշտում, լրատվամիջոցները շահարկում են, որ իբր մենք գնալու ենք պայմանավորվածության, դա նույնպես համարելու եմ զավեշտալի և ծիծաղելի: Մենք մնալու ենք ընդդիմադիր դաշտում, չենք գնացել և չենք գնալու»:
Խորհրդարանի մեծությամբ երկրորդ՝ «Հայաստան» խմբակցության 29 անդամներից 6-ը «Վերածնվող Հայաստան» կուսակցությամբ են խորհրդարան անցել։ Նրանցից Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանն ավելի վաղ հայտարարեցին կուսակցությունը լքելու մասին ու «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորների հետ վերադարձան խորհրդարան։ «Հայաստան» խմբակցությունից օրերս մանդատը վայր էր դրել նաև անկուսակցական Արամ Վարդևանյանը, ընդդիմադիր պատգամավորը հայտնել է, որ վերադառնում է փաստաբանական աշխատանքի։