Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է ցույց տալու, որ խաղաղ բանակցություններին խոչընդոտողը հայկական կողմն է. քաղաքագետ


Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ՝ շրջանակային համաձայնագիր ստորագրելը, երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որը ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը։ Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք, բայց ես էլի եմ ուզում ասել, որ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար», - ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նաև Վաշինգտոնում հանդիպման ընթացքում իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Վարչապետը կրկին նշեց՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի, ընդգծեց՝ կարևոր է, որ խաղաղության միջազգային երաշխավորներ լինեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրումից ժամեր անց էլ կարող է պատերազմ սկսվել։

«Նույնը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին։ Միջազգային երաշխիքների ու երաշխավորների շատ ուժեղ ինստիտուտ է պետք, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը ուղղակի թուղթ կդառնա, որը ոչ մի արժեք չի ունենա։ Ընդ որում, մենք պատրաստ ենք, էլի եմ ասում: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունն ուզո՞ւմ է և կարո՞ղ է այդ դերը կատարել, մենք ուրախ ենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհո՞ւրդը, ուրիշ խաղացողներ միջազգային, որոնք կարող են ռեալ այդ դերը ստանձնել և իրականացնել: Մենք պատրաստ ենք այդպիսի քննարկմումների», - շեշտեց վարչապետ Փաշինյանը:

Արմեն Բաղդասարյանը գրեթե բացառում է առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրումը

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը գրեթե բացառում է առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրումը, ավելին՝ հնարավոր է լարվածության կտրուկ աճ։ Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու չէ խաղաղությունը։

«Որովհետև նրանք շատ մեծ պահանջներ, ակնկալիքներ ունեն Հայաստանից, ինչը հնարավոր չէ որևէ դեպքում ստանալ խաղաղության համաձայնագրով։ Այսինքն՝ դրանք բացարձակապես անընդունելի են, և Հայաստանը որևէ դեպքում, որևէ իրավիճակում չի ստորագրի դա։ Ադրբեջանը բանակցային գործընթացը օգտագործում է ընդամենը ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ խաղաղ բանակցություններին խոչընդոտողը հայկական կողմն է, դրանով իսկ փորձում է լեգիտիմացնել իր հնարավոր նոր ագրեսիան, նոր պատերազմը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը։

Ավելի քան 2 ժամ տևած հարցազրույցի ընթացքում Փաշինյանը անդրադաձավ նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման հարցին։ Ընգծելով, որ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու հիմքով՝ ՌԴ դաշնային խորհրդի որոշման հիման վրա, Փաշինյանը նշեց, որ խաղաղապահները չեն կարող դուրս գալ քանի դեռ լուծված չէ արցախահության անվտանգության ու իրավունքների հարցը

«Եթե Ռուսաստանը կամ ցանկություն, կամ կարողություն չունի դա ապահովել, Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, պետք է դիմի, եթե այդպիսի բան տեղի ունենա, եթե: Պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ասի՝ տեսեք՝ ես ֆիքսել եմ այս սպառնալիքը, բայց ես այս սպառնալիքը չեմ կարողանում, օրինակ, կամ չեմ ուզում ինչ-ինչ պատճառներով հասցեագրել, և հետևաբար ես դիմում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, օրինակ, որ այս հարցը լուծի, որ ես գնում եմ, թող ուրիշ մարդիկ գան և այդ խնդիրը լուծեն», - ասաց նա:

Փաշինյանը, սակայն, չպարզաբանեց, թե ինչպես կարող է ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվել կամ փոխարինվել այլ առաքելությամբ, եթե դրան դեմ լինի Ադրբեջանը, հաշվի առնելով որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ խաղաղապահները պետք է դուրս գան եթե կողմերից մեկը ժամկետի լրանալուց առաջ նման դիմում ներկայացնի։

«Եթե այդ սպառնալիքը, որը հասցեագրելու համար խաղաղապահները եկել են այնտեղ, վերացված չէ, խաղաղապահ այնտեղ պետք է լինի, չի կարող չլինել, և միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր՝ այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար», - նկատեց վարչապետը:

Ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման պարագայում Ադրբեջանը կոնկրետ պայմաններ է առաջ քաշելու. քաղաքագետ

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման պարագայում Ադրբեջանը կոնկրետ պայմաններ է առաջ քաշելու. «Օրինակ՝ պահանջելու է, որ ռուս խաղաղապահները ապահովեն Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, պահանջելու է, որ նրանք ապահովվեն ադրբեջանցի փախստականների վերադարձը Արցախի տարածք, այսինքն՝ շատ կոնկրետ պահանջներ պիտի դնի և այդ պայմանով գուցե համաձայնի երկարաձգել ռուս խաղաղապահների գործունեության ժամկետը, եթե ոչ, նրանք ուղղակի 2.5 տարի անց կպնդեն, որ ռուս խաղաղապահները դուրս գան»։

Արդյոք Փաշինյանը շարունակում է կարծել, որ Արցախը Հայաստան է և վե՞րջ, ինչպես հայտարարել էր հեղափոխությունից հետո, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, այս հարցին վարչապետը պատասխանեց. «Էս իրավիճակում եթե մենք ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը, մենք այդ վետոյով պետք է… միայնակ ամբողջ աշխարհի դեմ կռիվ չպետք է տանք, որովհետև չենք կարող տալ»:


Հարցազրույցի առաջին մասում Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի հետ վերջին օրերին ծավալված հեռակա բանավեճին։ Վարչապետը որպես դրական զարգացում արձանագրեց Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որում, ըստ նրա, չի օգտագործվել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Այնինչ, իրականում Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը երկու անգամ հիշատակել էր «Զանգեզուրի միջանցքը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG