Ադրբեջանը նոր չէ, որ կոպտորեն խախտում է գրավոր բոլոր պայմանավորվածությունները և Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը վկայում է, որ Ալիևի ռեժիմը պատրաստ չէ խաղաղության։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, արձագանքելով երեկ կառավարության նիստում վարչապետի ելույթին, տարակուսում է՝ Փաշինյանը միայն նո՞ր է հասկացել, որ Արցախի ինքորոշման առաջին իսկ պահերից Բաքուն մշտապես տարբեր սադրանքների, դիվերսիաների, հարձակումների է դիմել ու դիմում։
«Հիմա տեսեք, երկրի ղեկավարը խի նո՞ր է տեսնում, որ չեն պահպանվում այն բոլոր նորմերը, պայմանավորվածությունները, որ եղել են և՛ համատեղ հայտարարության մեջ, և՛ նաև տարբեր բանավոր պայմանավորվածություններում։ Իհարկե՝ ոչ, և այդ ամեն ինչը պետք է ժամանակին իրականացվի», - ասաց Օհանյանը։
Փաշինյանի հրաժարականն արդեն ավելի քան մեկ տարի պահանջող խմբակցության ղեկավարը դարձյալ պնդեց, որ իշխանությունները ճնշման տակ են, դրանով է պայմանավորված այսօր պատերազմում հաղթած Ալիևի անզուսպ հռետորաբանությունը։ Միակ ելքը, ըստ Օհանյանի, բանակցողի փոփոխությունն է, նոր իշխանության ձևավորումը, որը, պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ, Հայաստանը դուրս կհանի պարտվողական քաղաքականությունից։ Թե ինչպես, Օհանյանը չհստակեցրեց։
Փաշինյանը երեկ նաև ասել էր, որ Ալիևը, մանիպուլյատիվ զուգահեռներ անցկացնելով Լաչինի և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» միջև, հող է նախապատրաստում Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակելու, Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար։
«Այնպես որ, այսօր Արցախում, որ Ալիևն ասում է՝ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն, Արցախում իրականում հայկական ուժեր են, բայց ոչ Հայաստանի», - ասաց Օհանյանը։
Դիտարկմանը, թե Փաշինյանը երեկ կառավարության նիստում ևս շեշտեց, որ կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար, պաշտպանության նախկին նախարարն այսպես արձագանքեց․ - «Փաշինյանն էսօր է գիտակցել, իսկ եթե ի սկզբանե դա իրականացներ, ի սկզբանե ինքը գիտակցեր, ինքն այլ երկրի, ես նկատի ունեմ՝ Արցախի փոխարեն չէր ստորագրի նոյեմբերի 9-ին»։