Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունը կարծում է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը ճիշտ է


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Հայաստանի կառավարությունը կարծում է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը ճիշտ է։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման համար խորհրդարան եկած վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ առաջարկը ռուսական կողմից է հնչել, հիմնավորումն էլ, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել կողմերի համար ընդունելի կարգավիճակ, ուստի իրենք պաշտպանում են տեսակետը։

Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց՝ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Փաշինյանն այսօր ասաց՝ իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է ռուսական տեսլականին։

«Կա երեք կոմպոնենտ հարցի՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ: Դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր փորձել ենք մի կողմ դնել: Ինչո՞ւ։ Հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայն ենք եղել ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ և փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի», - ասաց նա:

Հայկական կողմը, ըստ Փաշինյանի, Ալիևի հետ վերջին բանակցությունների ընթացքում պնդել է, որ Սոչիի եռակողմ հայտարարության մեջ հղում կատարվի ռուսական հայտնի առաջարկներին, որոնցով, ըստ իշխանականների, կարգավիճակի հարցի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ու չնայած Փաշինյանի այս պնդումներին, թե Ռուսաստանն ու Հայաստանը ինչ-որ պահի Ղարաբաղի կարգավիճակի հարց քննարկելուն կողմ են, Սոչիի եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկար։

«Նաև ռուսաստանցի մեր գործընկերների հորդորով փորձել ենք ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար», - նկատեց վարչապետը:

Այսօր ևս Փաշինյանը խոսեց հայ-ադրբեջանական կարգավորման ռուսական ու արևմտյան առաջարկներից՝ չբացահայտելով դետալները։

Չնայած վարչապետը հայտարարեց, որ հեղինակները իրենք են բացահայտել, բայց եղել է միայն Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե կա կարգավորման երկու տարբերակ։ Ըստ Պուտինի՝ Վաշինգտոնի տարբերակով Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի կազմում, իսկ ենթադրաբար ռուսականով՝ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին նշում կլինի, բայց դա էլ, ասել է ՌԴ նախագահը, պետք է համաձայնեցնել Ադրբեջանի հետ։

Ի պատասխան՝ Վաշինգտոնից ապատեղեկատվություն որակեցին այս հայտարարությունը։

Փաշինյանը հերքեց ընդդիմախոսների քննադատությունը, թե իր ղեկավարած կառավարության քայլերը հակասում են ռուսական հայեցակարգին։ Սոչիի հանդիպումը նա օգտակար ու կարևոր որակեց. «Քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ»:

Երևանը Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է երկարացնել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության մանդատը անորոշ ժամանակով՝ 20, 15 տարով կամ 5 տարով, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ այդ առաջարկը չի ընդունվել, բայց կարծում է՝ հարցը դարձել է օրակարգային:

«Կարող է չերկարացվել, միայն եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ, բայց ... հետևյալն է՝ ֆիքսել, որ նույնիսկ այդ առարակության ինստիտուտը պետք չի, և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն», - նշեց նա:

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա լավատեսությունն արդարացված չի համարում՝ Սոչիի հայտարարության մեջ չկա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում, Ադրբեջանը մերժում է ղարաբաղյան հակամարտության գոյությունը, ինչ հայտարարում է, փաստաթղթով, ըստ պատգամավորի, ամրագրում է։ Աբրահամյանը կարծում է՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, այդ թվում՝ վերջին հանդիպումն իշխանությունները փորձում են դրական լույսի ներքո ներկայացնել՝ զսպելու համար հանրային զայրույթը։

«Հասել ենք մի կետի, երբ որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանությունը չի պահպանվում, որի գրեթե բոլոր կետերը Հայաստանի դեմ էին աշխատում, և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ ավելի վառ, լուսավոր, դրական գույների մեջ է երևում, քան այն գործընթացը, ինչ մենք այսօր տեսնում ենք Արցախի հարցում», - նշեց նա:

Պատգամավորի կարծիքով՝ ուժի կիրառման սպառնալիքը ևս պահպանվում է. «Չնայած հայտարարվում է, որ նաև առաջիկայում է սպասվում հայտարարություն, բայց դա Ադրբեջանին որևէ կերպ չի խանգարում ուժի կիրառման միջոցով դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթաց իրականացնել, այն է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Վարչապետը հաջորդ տարվա բյուջետային քննարկումների երրորդ օրն է եկել խորհրդարան, նրա գալուստը մեծ թվով իշխանականների էր բերել դահլիճ։ Ընդդիմադիրները ներկա չէին։ Իսկ քննարկումները, ինչպես նրա այցից առաջ, այնպես էլ հետո շարունակվեցին կիսադատարկ դահլիճում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG