Ժամանակն է, որ խորհրդարանը մասնակից լինի բանակցային գործընթացներին, հայտարարեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը, որտեղ հայ-ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական շփումներ սկսելու մասին ձևակերպում կար։
Ըստ հայտարարության՝ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդումն է։
Չնայած ըստ Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովի՝ իրենք արդեն սկսել են խորհրդակցությունները միջխորհրդարանական եռակողմ շփումներ սկսելու համար, բայց Հովհաննիսյանն ասաց՝ ժամկետների ու ձևաչափի մանրամասներ չի կարող ներկայացնել։ Այնուհանդերձ, դրական էր տրամադրված՝ որքան շատ լինեն շփման հարթակները, ըստ նրա, հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել։
«Իհարկե դեռ վաղ է խոսել դրա արդյունավետության մասին, որովհետև մենք ունենք դեռ ամրագրված, այսպես ասած, մի ցանկություն, որը կարծում ենք, կարող է արդյունք բերել, սակայն սրա շուրջ դեռևս բազմաթիվ քննարկումներ կլինեն՝ դրա տեխնիկական կազմակերպման, բովանդակային կազմակերպման։ Եվ ես ևս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական կառավարման երկրում ենք ապրում, խորհրդարանի նշանակությունը արտաքին քաղաքականությունում, ինչու չէ, պետք է նաև առաջնորդող լինի», - ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե սա հասարակությանը խաղաղության պատրաստելու միտում ունի՞, պատգամավորը պատասխանեց․ - «Էս պահին, ես կարծում եմ, որ մեր քաղաքականությունը բոլոր ուղղություններով վերաբերում է խաղաղությանը, և մենք խաղաղություն ասելով չենք խոսում միայն միմյանց վրա չկրակելու մասին։ Իհարկե տասնամյակներ են պետք հասարակություններին նաև խաղաղությանը նախապատրաստելու համար, սակայն ինչ-որ մի օր էդ հաշվարկը պետք է սկսվի»։
Ըստ Հովհաննիսյանի՝ քանի որ այս պահին այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական կողմի միջնորդությամբ, կարելի է ենթադրել, որ այս շփումների մոդերատորը Ռուսաստանն է լինելու, Երևանն էլ դեմ չէ։
Երևանից ու Բաքվիս հնչող հայտարարությունները, թե պատրաստ են մինչև տարեվերջ խաղաղության պայամանգիր ստորագրել, պատգամավորի խոսքով մնում է ուժի մեջ։ «Մենք հստակ նշել ենք, որ տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել, և սա ամենևին չի նշանակում, որ կստորագրվի, կամ չի ստորագրվի։ Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումների դեպքում որևէ խոչընդոտ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության օրակարգի համատեքստում չի ստեղծելու», - ասաց պատգամավորը։
Եթե խաղաղության պայամանագիրը ստորագրվի արդյոք այն կբերվի խորհրդարան։ Ըստ Հովհաննիսյանի՝ իրավական առումով տարբեր ձևաչափեր կան, բայց, ամենայն հավանականությամբ, այո՛։
Պատգամավորի խոսքով՝ շահագրգռված են, որ ընդդիմությունը ևս մասնակցի այդ շփումներին։ Բայց, եթե խանգարելու են, ավելի լավ է չմասնակցեն, թե ինչպես՝ Հովհաննիսյանը չմանրամասնեց։