Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում միասնական դիրքորոշում չկա խորհրդարան վերադառնալու հարցում։ Թեև մոտ կես տարվա բոյկոտից հետո անցած շաբաթ մասնակցեցին նիստին, բայց պարզվում է, սա խմբակցության բոլոր պատգամավորների համաձայնությամբ չի եղել։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության թևը չկար նիստին։ Կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն ասաց՝ վերադարձի որոշում դեռ չունեն. - «Վերածնվող Հայաստանը առայժմ որոշում չի կայացրել վերադառնալու վերաբերյալ»։
«Վերածնվող Հայաստանի» ներսում էլ խաղաղ չէ։ Պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը հեռացել են կուսակցությունից և «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորների հետ վերադարձել են խորհրդարան։
«Վերածնվող Հայաստանի հիմնական կորիզը Սյունիքն է, և այսօր Սյունիքի թևը, կարելի է ասել, ընդհանրապես ներկայացված չէ Վերածնվող Հայաստան կուսակցությունում», - ասաց Աննա Գրիգորյանը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հիմնադրվեց 2021-ի խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, Դաշնակցության հետ միասին դաշինք կազմեցին ու խորհրդարան հասան։ «Վերածնվող Հայաստանը» սյունիքյան ընդդիմադիր թևն է, որ պատերազմից հետո սկսեց ակտիվորեն պայքարել վարչապետ Փաշինյանի իշխանության դեմ։ Բացի պատգամավորներից, կուսակցությունը լքել է նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Մենք մեր գործունեությունը ուղղակի շարունակում ենք՝ չլինելով արդեմ մասը «Վերածնվող Հայաստան» կուսակցության», - նշեց Աննա Գրիգորյանը։
Իսկ ի՞նչն է պառակտման պատճառը, Փաշինյանի իշխանության դեմ համախմբված սյունեցիներին ի՞նչը բաժանեց։ Պատգամավոր Գրիգորյանը խուսափեց պատճառներից խոսել։ Շեշտեց, թե առանձնացած թևը կշարունակի ակտիվ գործել նույն գաղափարներով ու սկզբունքներով, թե խորհրդարանում, թե դրանից դուրս. - «Շատ ավելի ուրիշ հարցեր են, որոնց մասին, ինչպես արդեն ասացի, առանձնապես այս պահին խոսել ճիշտ չեմ համարում»։
Կուսակցական կարգապահությունն են խախտել։ Սա է պատճառը, որ մի խումբ անդամներ հեռացել են, պարզաբանեց քաղաքական ուժի ղեկավար Հակոբյանը. - «Ես և մեր կուսակցության գերակշիռ մասը այսօր համարում ա, որ բոլոր որոշումները էս դժվարին պայմաններում պետք է կայացվեն թիմային, այլ ոչ թե անհատական։ Դա խոսում ա կուսակցության ներքին կարգապահության մասին»։
Աննա Գրիգորյանը վստահեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունից դուրս չեն գա, մանդատները վայր չեն դնի, կշարունակեն աշխատել ինչպես նախկինում. - «Մենք շարունակում ենք լինել խմբակցության անդամներ, մենք պատգամավոր ենք ընտրվել «Հայաստան» դաշինք ֆորմատով և շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը»։
Վերջին օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» խմբակցությունում կան պատգամավորներ, որ մտադիր են մանդատները վայր դնել, և առաջիկայում հայտարարություններ կլինեն։ Արդյո՞ք Վահե Հակոբյանն ու կուսակիցներն էլ են այդ խմբում, որ դեռ չեն վերադառնում Ազգային ժողով։ Հակոբյանն ասաց՝ շատ հարցեր են քննարկում, նաը մանդատներինը. - «Որ մեկը բացառենք, ասենք՝ չէ, դնում ենք կամ չէ, չենք դնում, էդպես չի լինի ասել։ Մենք բոլոր տարբերակները քննարկում ենք»։
29 հոգանոց խմբակցությունում այս պահին չորսն են ներկայացնում «Վերածնվող Հայաստանը»՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը և Զեմֆիրա Միրզոևան։
Անցած նիստին չի մասնակցել նաև Դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Ըստ մամուլի՝ վարչապետի հրաժարականը պահանջող Դիմադրության շարժման առաջնորդն էլ է երկմտում խորհրդարան վերադառնալու հարցում, մտադիր է մանդատը վայր դնել։ Սաղաթելյանը մեր զանգերին չպատասխանեց։ Իսկ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, թե առանձին պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու մասին այս պահին քննարկումներ չկան։