Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարներն այսօր Երևանում քննարկելու են Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցը։
Ռազմական դաշինքի գագաթաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը։ 44-օրյա պատերազմից հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան։
Երևանյան գագաթաժողովին զուգահեռ մայրաքաղաքում սպասվում են բողոքի ակցիաներ ընդդեմ ռազմական դաշինքի։ Քաղհասարակությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Հավաքի կազմակերպիչներից, Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Երևանն այդ քայլին պետք է գնար դեռ երկու ամիս առաջ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք ու ռազմական դաշինքը փաստացի մատնվեց անգործության։
«Պարզվեց, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ոչ միայն մեզ դաշնակից չեն, այլ նաև Ադրբեջանին քաղաքական աջակցություն են ցույց տալիս, և դրանից հետո, հաջորդ իսկ օրը Հայաստանը պետք է դուրս գար ՀԱՊԿ-ից և փորձեր արդեն այլ ռազմաքաղաքական դաշնակիցներ ճարել», - ասաց Իոաննիսյանը։
Պաշտոնական Երևանը ռազմական օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցն արդեն ավելի քան երկու ամիս է՝ քննարկվում է: Երևանը նաև դաշինքի հստակ քաղաքական գնահատականն է ակնկալում։ Քաղաքագիտական շրջանականերում, սակայն, սա քիչ հավանական են համարում։ Իսկ Երևանը մեկ անգամ չէ ու ամենաբարձր մակարդակով է դժգոհել ռազմական դաշինքի փաստացի անգործությունից։
Քաղաքացիները ևս պետք է արտահայտեն իրենց մոտեցումը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակացության վերաբերյալ, ասում է, Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգողը։ Ըստ նրա՝ դա արժանապատվության հարց է։
«Ոչ միայն պետք է դուրս գայինք ՀԱՊԿ-ից, մենք որևիցե պարագայում չպետք է թույլ տայինք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները տենց շուքով գան Երևան, իրենց պաշտոնապես դիմավորենք՝ պատվո պահակախմբերով, օրկեստրներով։ Սա թշնամուն աջակցող կառույց է», - ասաց Դանիել Իոաննիսյանը։
Երեկ երեկոյան էլ Պուտինի այցի դեմ Ազգային ժողովրդավարական բևեռն էր բողոքի ակցիա կազմակերպել։ Այն ընթացավ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով։
Նոյեմբերի 23-ին կայանալիք նիստում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի ու Ղրղըզստանի առաջնորդները քննարկելու են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հիմնախնդիրները: Սպասվում է, որ գագաթնաժողովը նաև Հռչակագիր կընդունի: Դաշինքի նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին։ Այս կապակցությամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կխոսի դաշինքի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք օրակարգում կլինեն Բելառուսի նախագահության շրջանում:
Երևանում ռազմական դաշինքի գագաթնաժողովի շրջանակում սպասվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ: Այս մասին Կրեմլն էր հայտնել՝ առանց մանրամասնելու, թե երկու երկրների առաջնորդներն ինչ հարցեր են քննարկելու։