Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 23-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ նիստը, կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահը


Հաջորդ չորեքշաբթի Հայաստանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստը, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայտնի է նիստի օրակարգը. կքննարկվի Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո պաշտոնական Երևանը ռազմական օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է: Երևանից նաև քաղաքական գնահատական են ակնկալում։ Այս ընթացքում Երևանից ամենաբարձր մակարդակով չեն թաքցրել դժգոհությունը ռազմական դաշինքի փաստացի անգործությունից։.

«Որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ հստակ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակը ունենք. հիմա չենք ուզում ՀԱՊԿ - Ադրբեջան պատերազմ հրահրել։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին ռազմական դաշինքը հստակ կաջակցի Հայաստանի այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից և զբաղեցնեն 2021 թվականի մայիսի դրությամբ ունեցած դիրքերը։ Միջազգային հանրության կողմից այդ աջակցությունը կա, վստահեցրեց վարչապետը։

ՀԱՊԿ առցանց նիստը, 28-ը հոկտեմբերի, 2022թ․
ՀԱՊԿ առցանց նիստը, 28-ը հոկտեմբերի, 2022թ․

Հոկտեմբերի վերջին անցկացված ՀԱՊԿ հեռավար նիստում Հայաստանի վարչապետի բարձրացրած հարցերին բավականին կոշտ էր արձագանքել Բելառուսի նախագահը, հորդորելով՝ Ալիևի հետ հարցրը լուծել, ինչպես նաև հայտարարել էր, մեջբերում եմ. «եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք»։ Ավելին, ասել էր՝ Ալիևն «իրենց մարդն է»։

«Որևէ այլ բան սպասել ՀԱՊԿ-ից և ՀԱՊԿ անդամ երկրներից քան այն, ինչ արդեն տեղի է ունեցել և այն, ինչ արդեն բարձրաձայնվել է, ես կարծում եմ միամտություն է կամ այլ քաղաքական հաշվարկի արդյունք է։ Եթե մեր նպատակն է մաքսիմալ խայտառակել, մաքսիմալ ցույց տալ, որ գիտեք ՀԱՊԿ-ը գոյություն չունի, թղթի վրայի կառույց է, ապա այո, ճիշտ ուղղության վրա ենք, ուղղակի ես չեմ հասկանում՝ որն է դրա դրականը, կամ ինչ պետք է շահի Հայաստանը բացի հավելյալ թշնամանքից Ռուսաստանի հետ։ Միակ ճիշտ որոշումը ոչ թե կազմաքանդել, այլ ՀԱՊԿ-ից դուրս գալ, որովհետև այլ դիրքորոշում, քան գոյություն ունեցող դիրքորոշում է ՀԱՊԿ-ի կամ անդամ երկրների, չի լինելու», - ասաց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Մինչ Հայաստանի իշխանությունները բավականին զգուշավոր են խոսում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցի մասին՝ հստակ ոչինչ չասելով, Արեգ Քոչինյանը ընդգծում է՝ գոնե մինչև այժմ կառույցը Հայաստանի անվտանգային խնդիրներին որևէ կերպ չի արձագանքել։

«Արդեն իսկ արձանագրել ենք, որ ՀԱՊԿ-ը չի տալու նման օգնություն։ Դա մենք արձանագրել ենք և 2020 թվականի ընթացքում, երբ հակառակորդը խոցում էր ՀՀ-ում գտնվող ստորաբաժանումները, արձանագրել ենք 21 թվականին, երբ հակառակորդը գրավեց Հայաստանին պատկանող ինքնիշխան տարածքներ, արձանագրել ենք 22 թվականին, երբ հակառակորդը խոցում էր խաղաղ բնակավայրեր և նորից գրավեց ու օկուպացրեց ՀՀ-ի ինքնիշխան տարածքներ», - ասաց քաղաքագետը։

Նոյեմբերի 23-ին կայանալիք նիստում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի ու Ղրղըզստանի առաջնորդները քննարկելու են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հիմնախնդիրները և նախորդ գագաթնաժողովից հետո անցած ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Ակնկալվում է, որ գագաթնաժողովը նաև Հռչակագիր կընդունի: Կքննարկվի նաև կազմակերպության եկող տարվա բյուջեն:

ՀԱՊԿ նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից կանցնի Բելառուսին, ինչի կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի իրենց առաջնահերթությունները: Կքննարկվի նաև գլխավոր քարտուղարի հարցը, որը պաշտոնը կստանձնի հունվարի 1-ից: Գագաթնաժողովին կնախորդի կազմակերպության արտգործնախարարների նիստը:

44-օրյա պատերազմից հետո՝ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ կայցելի Հայաստան, բայց ՀԱՊԿ նիստի շրջանակում։ Դեռ մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Ռուսաստանի նախագահի՝ հնարավոր պետական այցի մասին։

Միրզոյան-Լավրով հանդիպում Բուշանբեում, 12-ը մայիսի, 2022թ․
Միրզոյան-Լավրով հանդիպում Բուշանբեում, 12-ը մայիսի, 2022թ․

«Մեր օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստան պետական այցի կազմակերպման հարցը: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ժամկետները, իհարկե, դեռ համաձայնեցնում ենք»։

Արտաքին գերատեսչությունից առայժմ չեն պատասխանել՝ արդյո՞ք մինչև տարեվերջ սպասվում է Ռուսաստանի նախագահի պետական այցը Երևան, իսկ կառավարության լրատվական ծառայությունից փոխանցեցին՝ այս պահին Պուտինի պետական այցի վերաբերյալ տեղեկատվություն չունեն, ընդգծելով, որ Պուտինը Երևան է գալիս ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Նոյեմբերի 9-ին կառավարությունը Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, նշվում էր, որ զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստան կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր: Այս հաղորդագրությունից մոտ մեկ ժամ անց, սակայն, այն խմբագրվեց, Ռուսաստանի նախագահի այցի ամսաթիվը հանվեց, նշվեց միայն, որ ՀԱՊԿ նիստի շրջանակում է լինելու այցը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG