Մատչելիության հղումներ

Տպավորություն է, Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն. Քոչարյան


Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահված Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին, հայտարարել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նորընտիր նախագահ Հակոբ Արշակյանը:

«Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին հստակ և կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն», - ասել է Արշակյանը:

Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք, Հայաստանի Հանրապետությունը դիմեց ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվեց Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն ուղարկվեց Հայաստան՝ տեղում վերահսկելու և ուսումնասիրելու իրավիճակը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մանրամասները, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, տուժել են քաղաքացիական անձինք, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, հաղորդում են խորհրդարանից:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի՝ իրավիճակի մշտադիտարկմանը վերաբերող որոշումը, երբ արդեն կա անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստ, բացարձակապես այն արդյունքը չէ, ինչն ակնկալվում էր կազմակերպությունից: Նրա խոսքով՝ տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն: Այս համատեքստւմ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է Ղազախստանում հաջողությամբ իրականացված խաղաղապահ գործողությունը:

Պատգամավորն առաջարկել է ՀԱՊԿ ձևաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանն է խախտողը եռակողմ հայտարարության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի, և նրան ագրեսոր անվանել: Նա կարևորել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումը, Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտ է համարել ՀԱՊԿ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը և բոլոր ռազմագերիների ու բռնի կալանավորված այլ անձանց վերադարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG