«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն, իմ կարծիքով, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան», - Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի նախօրեին Аргументы и факты-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն ու Ռուսաստանը Հայաստանին ավելի եռանդուն՝ նախևառաջ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի հետ հակամարտության հարցում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Այս հակամարտությունում միայն մի կողմին աջակցելու դիրքորոշում որդեգրել, կնշանակի խորացնել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և աջակցել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- հայտարարել է Կոսաչովը։
Ըստ ռուսաստանցի քաղաքական գործչի, Թուրքիան, օրինակ, սխալ է թույլ տալիս՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում մի կողմի դիրքորոշումն աջակցելով։ Երկու օրից կայանալիք ՀԱՊԿ նիստում պետք է քննարկվի արդեն 2 ամսից ավելի Երևանից ստացված դիմումի ճակատագիրը՝ Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։ Անդամ բոլոր երկրների ղեկավարները կժամանեն Երևան։
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո պաշտոնական Երևանը ռազմական օգնության համար դիմել էր ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ Մոսկվայի առաջնորդած ՀԱՊԿ-ին: Օգնություն մինչև հիմա չկա, ՀԱՊԿ-ը միայն իրավիճակը գնահատելու առաքելություն էր ուղարկել Հայաստան: Երևանը նաև հայկական տարածքների օկուպացիային հասցեական քաղաքական գնահատական է ակնկալում։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ռուսաստանցի պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ի իրավասությունների մասին հայտարարությունն անլուրջ որակեց։ «Արտահայտած կարծիքը վկայում է, որ նա առնվազն չի կարդացել ՀԱՊԿ կանոնադրությունը»,- հավելեց նա։
«Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը կտա քաղաքական գնահատական, այսինքն, կպահանջի, որ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան օկուպացված տարածքներից և հետագա քայլերը ՀԱՊԿ-ի կբխի այդ քաղաքական գնահատականից հետո՝ որքանով հետամուտ կլինի իր որոշումներին», - ասաց Խաչատրյանը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց՝ նիստից որևէ անակնկալ չի սպասում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրներ-Ադրբեջան ջերմ հարաբերությունները:
«Հասցեկան գնահատական չի լինի, պատահական չեմ համարում նաև մինչև այս Բելառուսի հնչեցրած այն հայտարարությունը, որ՝ «չպետք է մեզանից նման բան սպասել», ըստ էության, Բելառուսի նախագահը բարձրաձայնել է մի բան, որը ՀԱՊԿ անդամ շատ պետությունների համար ընդունելի է: Ես կարծում եմ, որ պետք է այս փուլում փորձենք Ռուսաստանի հետ իրավիճակը կարգավորենք, այսինքն, այն, ինչ կարող ենք միջնորդական դերակատարության միջոցով, այն, ինչ կարող ենք ռազմական աջակցության կամ մատակարարումների գծով, դա շատ ավելի հեշտ կարգավորվող խնդիր է, քան նույն խնդիրը կարգավորել ՀԱՊԿ շրջանակներում, չնայած ՀԱՊԿ-ը կանոնադրությամբ սահմանված ունի նման պարտավորություններ», - նշեց Աբրահամյանը:
Իշխանության օրակարգ կմտնի՞ դաշինքից դուրս գալու հարցը, եթե չլինի հասցեական գնահատական, հարցին ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանն այսպես արձագանքեց. - «Շատ ժամանակ չի մնացել, կստանանք պատասխան, կմտածենք՝ ինչ պիտի անենք»:
«Ազատության» հարցին՝ այսինքն ինչ-որ քայլեր կհետևե՞ն այդ նիստին, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարտադիր պիտի հետևեն ինչ-որ քայլեր, իհարկե»:
44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Կրեմլը հաղորդել է Փաշինյան-Պուտին առանձին հանդիպման մասին։ Այս ընթացքում Երևանից ամենաբարձր մակարդակով չեն թաքցրել դժգոհությունը ռազմական դաշինքի փաստացի անգործությունից։ Սոցիալական ցանցերում էլ որոշ նախաձեռնություններ ՀԱՊԿ նիստի զուգահեռ հայտարարում են «Ոչ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կոչերով բողոքի ակցիաների մասին։