Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ քննարկելու են կարևոր հարցեր անդամ երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի համար:
«Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», - նշել է նա։
Օրակարգում, նախարարի փոխանցմամբ, մոտ երկու տասնյակ փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը:
Վաղը՝ չորեքշաբթի, Հայաստան են ժամանելու երկրների ղեկավարները, գումարվելու է ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստ: Հավաքը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով:
Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման հետ կապված:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: