Կիրակի, նոյեմբերի 20-ին, Երևանի ժամանակով երեկոյան 8-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Ալ Խոր ավանի «Ալ Բայտ» մարզադաշտում Քաթարի և Էկվադորի ընտրանիների հանդիպումով կբացվի ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը:
Տան տերերի մասնակցությամբ առաջին հանդիպման անցկացումը ՖԻՖԱ-ի հին ավանդույթներից է, մինչդեռ, բազում այլ առումներով սա կլինի բացառիկ մրցաշար, որի մասին խոսելիս, հաճախ կօգտագործենք «առաջին անգամ» եզրույթը:
Ասելով «մունդիալ», անմիջապես ամառ ենք պատկերացնում, իսկ «Քաթար-2022»-ը կլինի համաշխարհային առաջին մրցաշարը, որը ձմռանն է անցկացվում:
Քաթարում նոյեմբերին Ցելսիուսի սանդղակով 20-ից 30 աստիճան է: Ամառն անտանելի է՝ զրոյից բարձր 50: Հենց դա հաշվի առնելով որոշվել է առաջնությունն անցակցնել ձմռանը:
Մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում: Առաջին անգամ ֆուտբոլ կխաղան հսկայական օդորակիչներով կահավորված մարզադաշտերում: Չափազանց թանկ ու գերարդիական սարքավորումների միջոցով օդը պետք է մաքրվի և սառեցվի երկրպագուների և ֆուտբոլիստների համար: Դաշտի երկայնքով, տրիբունաների նստարանների տակ և մարդկանց գլխավերևում՝ տանիքի տակ տեղադրված հազարավոր մեծ ու փոքր հատուկ խողովակներով շրջանառվելու են սառը հոսանքներ, որոնք անընդհատ անցնելու են մաքրվելու ու թթվածինով թարմացվելու փուլերով և նորից մղվելու են դեպի դաշտ ու տրիբունաներ: Ամբողջ համակարգը սպառելու է հսկայական ծավալով էլեկտրաէներգիա, որն արտադրելու են տանիքների վրա տեղադրված արևային պանելները: Արևի պակաս այդ արաբական երկրում չկա:
2019 թվականին բացվել է «մունդիալի» համար կառուցված «Ալ Ջանուբ» մարզադաշտը: Եվրոպայից հրավիրված լրագրողները հաղորդել են, որ նոյեմբերին, երբ մարզադաշտից դուրս պլյուս 30 էր, բուն մարզադաշտում ընդամենը պլյուս 19-ն էր: Աշխարհի 22-րդ առաջնությունը դարձել է միջազգային մարզական ամենաթանկ միջոցառումներից մեկը: Առաջինը, որի կազմակերպման համար ծախսվել է առնվազն 220 միլիարդ դոլար:
Քաթարը 2010-ին է վաստակել առաջնությունն անցկացնելու իրավունքը, հետևաբար, ամեն տարի դրան հատկացրել է միջինը 18 միլիարդ 300 միլիոն: Ներքին համախառն արդյունքը տարեկան մոտ 180 միլիարդ է, ուրեմն ֆուտբոլի մրցաշարին հատկացվել է դրա ավելի քան տասը տոկոսը: Համեմատության կարգով նշենք, որ 2018 թվականի առաջնության համար Ռուսաստանը ծախսել է 11 միլիարդ 600 միլիոն դոլար: Քաթարում կառուցվել են նոր ստադիոններ, առևտրի և ժամանցի կենտրոններ, նոր օդակայան, մետրո, հարյուրավոր հյուրանոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածք: Մոտ 1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկներ են ժամանելու մրցաշարը դիտելու համար:
«Այս շրջանում ամեն օր ավելի քան 900 չվերթ ենք ընդունում»,- հպարտությամբ ասել է մայրաքաղաքից ոչ հեռու կառուցված Համադի օդակայանի գործադիր տնօրեն Բադր Մոհամեդ Ալ Մեերը:
Խաղերը տեղի կունենան հինգ քաղաքների Դոհայի, Առ-Ռայանի, Լուսայիլի, Ալ Խորի և Ալ Բաքրի 8 մարզադաշտերում:
Ովքեր տեսել են այդ հոյակերտ ստադիոններն ու նոր հյուրանոցները, հիացած են, ասում են, թե նման բան աշխարհում չի եղել:
Ի դեպ, Քաթարում առաջնությունից ակնկալվող եկամուտը 5 ու կես միլիարդ դոլարի էլ չի հասնում՝ մեկ այլ երկրի համար, իհարկե, հսկայական, բայց Քաթարի պարագայում՝ չնչին գումար, եթե այն համեմատել ծախսի հետ: Քաթարին այս մրցաշարն անհրաժեշտ է երկրի միջազգային վարկանիշը բարձրացնելու, ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացրած առաջին արաբական երկիրը դառնալու և այդպիսով պատմական նվաճում գրանցելու համար: Բայց ի՞նչ գնով:
Ըստ արևմտյան մամուլի՝ 2010 թվականից՝ երբ մեկնարկել են ստադիոնները կառուցելու և մնացած ենթակառուցվածքը ստեղծելու աշխատանքները՝ մինչև 2021-ի փետրվար զոհվել են մոտ 6 հազար 500 միգրանտ-բանվորներ Հարավային Ասիայի երկրներից: Հիմնական պատճառը՝ աշխատանքի և կենցաղի անմարդկային պայմաններ, հիվանդություններ, անվտանգության կանոնների անտեսում և շահագործման հետ կապված այլ գործոններ:
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Քաթարում չեն ապահովել միգրանտների իրավունքները և պատշաճ ձևով չեն քննել նրանց զոհվելու հանգամանքները: Քաթարի իշխանությունները, բնականաբար, մերժում են մեղադրանքները և հավատացնում, որ եղել են թերություններ, որոնք շտկվել են: Արևմուտքում շատերն են քննադատում առաջնությունը Քաթարին վստահելու ՖԻՖԱ-ի որոշումը, նշելով, որ այդ երկրում ոտնահարում են մարդու իրավունքները, հալածում են ընդդիմադիրներին և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Մի շարք հավաքականներ, այդ թվում՝ գերմանացիների «մանշաֆթը», նույնիսկ առաջարկել էին բոյկոտել առաջնությունը: Մարզիկները մտադիր են տարբեր ակցիաներով իրենց անհամաձայնությունը դրսևորել, օրինակ, դանիացիները խոստացել են բողոքի նշանով մարզաշապիկներով դուրս գալ խաղադաշտ:
Պետական ղեկավարներն ավելի զուսպ են մեկնաբանում այդ թեման: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն անցած հինգշաբթի օրը Թայլանդում ասել էր, որ դեմ է բոյկոտին։
«Չի կարելի սպորտը քաղաքականացնել, այդ բոլոր հարցերը՝ կլիման լինի, թե մարդու իրավունքները, դրանք ամենայն լրջությամբ և խստությամբ անհրաժեշտ է արծարծել, երբ դեռ որոշվում է Օլիմպիադաների կամ աշխարհի առաջնությունների անցկացումը, բայց դրանից հետո, երբ արդեն սկսվում է մրցաշարը, պետք չէ այն քաղաքականացնել», - ասել է ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոնների պետության ղեկավարը:
Այս «մունդիալը» տեղի է ունեմում աշխարհի համար շատ դրամատիկ ու վտանգավոր շրջանում, գերտերությունների հարաբերությունները լարված են, Եվրոպայում պատերազմ է: Հին Հունաստանում կար «էկեխեիրիա»՝ օլիմպիական զինադադար: Խաղերին նախորդող և հաջորդող յոթ օրերին ոչ մի ռազմական գործողություն: Ֆուտբոլն էլ կարող է խաղաղություն տալ մարդկանց: ՖԻՖԱ-ի ղեկավարի համոզմամբ, ֆուտբոլը կարող է միավորել մարդկանց ուրախության և խաղաղության արժեքների շուրջ:
«Դիմում եմ աշխարհի լիդերներին, հատկապես կոչ եմ անում Ուկրաինային և Ռուսաստանին զինադադար կնքել գոնե ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, այս մրցաշարը պետք է ուրախության, միասնության և խաղաղության հույս տա»,- ասել է Ջաննի Ինֆանտինոն:
Անցած առաջնությունը կազմակերպած Ռուսաստանը որպես ագրեսոր երկիր պատժվել և զրկվել է աշխարհի 22-րդ առաջնության ուղեգիր ստանալու իրավունքից: Քաթարում 32 թիմ է պայքարելու աշխարհի գավաթի համար: Թիմերը բաժանված են 8 խմբերի, յուրաքանչյուրում չորսական հավաքական: Խմբային հանդիպումները կանցկացվեն մինչև դեկտեմբերի 2-ը, դրանից հետո առաջնությունը կշարունակվի գավաթային սկզբունքով՝ պայքարը կշարունակի հաղթողը:
Դեկտեմբերի 3-ից 6-ը մեկ ութերորդի խաղերն են, 9-ից 10-ը՝ մեկ քառորդի, երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին և 14-ին, դեկտեմբերի 17-ին Էռ Ռայանի «Խալիֆա» մարզադաշտում կխաղարկվեն բրոնզե մեդալները և վերջապես Լուսաիլի նույնանուն մարզադաշտում դեկտեմբերի 18-ին տեղի կունենա եզրափակիչը: Քաթարի մրցաշարին հեռուստատեսությամբ հետևելու է մոտ 5 միլիարդ մարդ: