ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, հայտնի ֆուտբոլիստ Միշել Պլատինին այսօր բերման է ենթարկվել: Նա հարցաքննվում է 2020 թվականին աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու վիճարահույց ընտրության գործով: Կասկածներ կան, որ կոռուպցիոն գործարքներով է կատարվել այդ երկրի ընտրությունը: Ֆրանսիական Le Monde-ի տեղեկություններով՝ Պլատինին վկայի կարգավիճակ ունի:
Ֆուտոբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու որոշումը ընդունվել է 2010 թվականին, ՖԻՖԱ-ի այդ նույն նիստում ընդունվել էր նաև 2018 առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը:
63-ամյա Պլատինին ավելի վաղ խոստովանել էր, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ Ելիսեյան պալատում ընթրել է Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի ու Թամիմ բին համադ ալ Թանի հետ, ով հիմա Քաթարի էմիրն է: Սարկոզին Քաթարի հետ առևտրային մեծ գործարքներ էր ակնկալում և ցանկանում էր, որ ՖԻՖԱ-ի քվեարկությանը Պլատինին իր ձայնը տա Քաթարին ու նաև օգտագործի ՈՒԵՖԱ-ում իր ազդեցությունը:
Բրիտանական «Գարդիանը» գրում է, որ քվեարկությունից հետո Պլատինիի որդին աշխատանքի ընդունվել Քաթարի մարզահագուստներ արտադրող Burrda ընկերությունում, չնայած ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը միշտ պնդել է, որ որդու աշխատանքի անցնելը իր քվեարկության հետ կապ չունի:
Կատարվել են նաև առևտրային խոշոր գորածարքներ: Qatar Airways ավիաընկերությունը Ֆրանսիայում արտադրվող A320 դասի 50 Airbus էր պատվիրել, իսկ QSI ընկերությունը գնել էր Paris Saint-Germain ֆուտբոլային ակումբը, որի երկրպագուն է Սարկոզին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու որոշումից հետո մամուլը գրում էր, որ այնտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, բացակայում են ֆուտբոլային ենթակառուցվածքները, շոգ է, աշխարհի առաջնությունները սովորաբար ամռանն են անցկացվում, բայց այս դեպքում դեկտեմբերին տեղի կունենան, որպեսզի շատ շոգ չլինի: Բացի այդ միջազգային մամուլը գրում է Քաթարում մարդու իրավունքների աղմկահարույց խախտումների մասին, մասնավորապես, որ ֆուտբոլային մարզադաշտերը արագ կառուցելու համար մարդկանց ստրուկների պես են աշխատեցնում, գրանցվել են բանվորների մահվան դեպքեր:
Տարիներ առաջ ֆուտբոլային չինովներիկների շարքերում պայթած կոռուպցիոն գործարքների, կասկածների, մեղադրանքների շարքում Քաթարի ընտրությունը դրվագներից մեկն էր: ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի ու ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի որակազրկման, նրանց պաշտոնանկությունների պատճառներից մեկը նաև 2011-ին ՖԻՖԱ-ի կողմից Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ վճարելու գործարքն էր: Երկու կողմերն էլ պնդում էին, որ Պլատինին այդ գումարը ստացել է՝ որպես ՖԻՖԱ-ում ֆուտբոլային խորհրդական:
ՈՒԵՖԱ-ից այս պահին մեկնաբանություններ չկան Պլատինիին բերման ենթարկելու լուրի կապակցությամբ: Նրա փաստաբանը ևս որևէ մեկնաբանություն չի տվել: Լրագրողները փորձել են նրանից որևէ արձագանք ստանալ, երբ նա դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից, որտեղ բերման էր ենթարկվել Պլատինին, բայց նա հեռացել է՝ ոչ մի հարցի չպատասխանելով:
Այսօր հարցաքննվել են նաև Նիկոլա Սարկոզիի երկու խորհրդականները: «Ռոյթերզի» տեղեկություններով՝ նրանցից մեկը ազատ է արձակվել, իսկ մյուսը ձերբակալված է:
2020 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու կոռուպցիոն կասկածներով գործը Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը սկսել է քննել 2016 թվականից: