Մատչելիության հղումներ

Ֆուտբոլը վերադառնում է Եվրոպա


«Բավարիայի» պահեստային Լուկաս Մային պաշտպանիչ դիմակով, Բեռլին, 17-ը մայիսի, 2020թ.
«Բավարիայի» պահեստային Լուկաս Մային պաշտպանիչ դիմակով, Բեռլին, 17-ը մայիսի, 2020թ.

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 40-րդ րոպեին 11-մետրանոցից գոլ է խփում, 80-րդ րոպեին ֆրանսիացի Բենժամեն Պավարը գլխի հարվածով կրկնապատկում է հաշիվը:

Union Berlin թիմը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվում է Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»:

Թվում է, թե զարմանալի բան չկա՝ Union Berlin-ը Բունդեսլիգայի նորեկն է, գերաստղեր չունի, մրցակիցը Եվրոպայի և աշխարհի լավագույն ակումբների ընտանիքից Բունդեսլիգայի գրեթե մշտական չեմպիոն «Բայերնն» է:

Արդյունքի առումով միանգամայն սպասելի, բայց, այնուամենայնիվ, շատ զարմանալի մթնոլորտ է, Union Berlin-ի մարզադաշտն ունի 22 հազար տեղ, սակայն «Բայերնի» հետ խաղում երեկ ներկա էր շուրջ 300 մարդ՝ անվտանգություն, տեխնիկական անձնակազմ, թիմերի և Բունդեսլիգայի պաշտոնյաներ, լրագրողներ:

Մրցավարի սուլոցից զատ լսվում են ֆուտբոլիստների ռեպլիկներրը: Դա չարաբաստիկ կորոնավիրուսից է: Գերմանիայում կարանտինը թուլացնում են, արգելքների մի մասը չեղարկվել է, մարդիկ հուսով են, որ առաջիկայում կլինի վերադարձ նախավիրուսային կյանքին, բայց շատ բան միևնույն է փոխվել է:

Լևանդովսկին գոլ է խփում, կարևոր գոլ իր և ամբողջ թիմի համար: «Լևին», ինչպես անվանում են նրան «Բայերնի» երկրպագուները, հետապնդում է մեկ մրցաշրջանի ընթացքում լեգենդար Գերդ Մյուլերի սահմանած 40 գոլերի ռեկորդը գերազանցելու նպատակ, բայց վերջին գոլից հետո թիմակիցներն ուրախությունից չեն գրկախառնվում, թավալվում:

«Լևին» և ընկերները սոսկ արմունկներով մեկմեկու դիպում են ու վերջ: Սա էլ կորոնավիրուսից է, մարզիկներն իրենց ուրախությունը շատ ավելի համեստ են դրսևորում:

Խաղի ընթացքում էլ՝ հնար լիներ, կպահպանեին սոցիալական հեռավորությունը, բայց սպորտ է, սերտ շփումը չես բացառի:

«Ուրախ ենք, որ այս կարանտինից հետո խաղացինք, արդյունքն էլ լավն է», - ասել է «Բայերնի» կանադացի ֆուտբոլիտս Ալֆոնսո Դեևիսը:

«Դժվար խաղ էր, բայց լավ է, որ վերաբացեցինք սեզոնն», - արձագանքել է Union Berlin-ից Մարկուս Ինգվարտսենը:

Այսպիսով, Բունդեսլիգան եվրոպական լիգաներից առաջինն է, որը վերականգնվեց մարտի կեսերին փակվելուց՝ կարանտինից հետո: Ֆուտբոլասերները հուսով են, որ եվրոպական լիգաներն առաջիկայում կհետևեն Բունդեսլիգայի օրինակին:

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ասել է, որ իսպանական երկու դիվիզիոնների թիմերն արդեն սկսում են մարզումները, տասական մարզիկ կարող են միասին դուրս գալ դաշտ:

Իսպանիայում ֆուտբոլի բոլոր խաղերը մարտի 12-ից դադարեցվել են: Եթե առաջնությունը չշարուհնակվի, Լա Լիգայի կորուստը կհասնի ընդհուպ մինչև մեկ միլիարդ եվրոյի:

Տեբասը հուսով է, որ Լա Լիգան կվերաբացվի հունիսի 12-ից: Նա, ի դեպ, գովեստով է խոսել Բունդեսլիգայի վերաբացման մասին:

«Շատ ուրախ եմ, շնորհավորել եմ նրանց, դա շատ կարևոր քայլ էր, Լա Լիգան Բունդեսլիգայի հետ այս ամիսների ընթացքում համագործակցել է, մենք ինֆորմացիա և գաղափարներ ենք փոխանակել, շատ դժար բան էր, այդ կապակցությամբ հպարտ եմ Բունդեսլիգայի համար», - ասել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

Իսկ Եվրոպայի ամբողջ ֆուտբոլային կյանքը ղեկավարող UEFA-ն քննարկում է համաեվրոպական մրցաշարերը մինչև օգոստոս ավարտելու հնարավորությունը:

«Գոյություն ունի հստակ ծրագիր, որը պետք է հաստատի գործադիր կոմիտեն: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք հավանաբար մրցաշրջանը կավարտենք մինչև օգոստոս», - ասել է UEFA-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը:

Նրա փոխանցմամբ, խոսքը ոչ միայն ազգային առաջնությունների, այլև համաեվրոպական գավաթների մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG