Մատչելիության հղումներ

Եվրոպայի ֆուտբոլի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց մինչև 2021-ը


Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվեց: ՈւԵՖԱ-ն այսօր արտահերթ նիստում որոշել է կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել 2020 թվականի առաջնությունը և անցկացնել 2021 թվականի ամռանը:

Արտահերթ նիստը, կորոնավիրուսի պատճառով, անցկացվում էր տեսակոնֆերանսի միջոցով, որին մասնակցում էին ՈւԵՖԱ-ի ղեկավարները, անդամ 55 երկրների ազգային ֆեդերացիաների, ընկերակցությունների նախագահները:

Այդ հարցով ընդունված որոշման մասին «Ռոյթերս»-ին ասել է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլ-Էրիկ Նիլսոնը:

Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «ՈւԵՖԱ-ն որոշեց Եվրոպայի առաջնությունը հետաձգել մինչև 2021 թվականը: Այն անցկացվելու է գալիք տարվա հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Մանրամասները՝ առաջիկայում»:

2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը պետք է տեղի ունենար գալիք ամռանը, մեկնարկը հունիսի 12-ին էր, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը անցկացվելու էին Լոնդոնում:

Վերջին տարիներին Եվրոպայի առաջնություններն անցկացվում էին մեկից ավելի երկրներում, այս տարվա առաջնությունը որոշվել էր շատ ավելի լայն տարածել՝ խաղերը պետք է տեղի ունենային եվրոպական 12 երկրներում: Նման կերպ որոշվել էր նշել ՈւԵՖԱ-ի հիմնադրման 60-ամյակը:

Հետխորհրդային տարածքում ևս նախատեսված էր խաղեր անցկացնել՝ Սանկտ-Պետերբուրգում և Բաքվում:

Բայց գրեթե ամբողջ Եվրոպայով մեկ վիրուսի տարածման, փակված սահմանների, արտակարգ իրավիճակների պայմաններում շատ դժվար էր պատկերացնել եվրոպական առաջնության ֆուտբոլային հանդիպումների կազմակերպումը:

Հիմա, երբ առաջնությունը հետաձվեց մինչև 2021 թվականը, ՈւԵՖԱ-ն նաև պետք է բանակցի ՖԻՖԱ-ի հետ, քանի որ ՖԻՖԱ-ի ներքո անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարում կայանալու է նույն թվականին՝ 2021-ին: Աշխարհի առաջնության որակավորման խաղերը նույնպես չեն կայանում:

Այսօրվա նիստում քննարկվում էին նաև եվրոպական ակումբների առաջնության հետ կապված հարցեր:

Խնդիրներ են առաջացել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի առաջնություններում: Ամսվա սկզբին, ՈւԵՖԱ-ի որոշմամբ, այդ խաղերից մի քանիսն անցկացվեցին փակ ստադիոններում, առանց հանդիսատեսի, բայց այս տարբերակն այլևս չի աշխատում:

Մասնավորապես՝ իսպանական «Սևիլյա»-ն չընդունեց Հռոմի «Ռոմա»-ին՝ վախենալով կորոնավիրուսի տարածումից: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի խաղերը ՈւԵՖԱ-ն հետաձգել էր:

Մի շարք երկրների ներսի՝ ազգային առաջնություններում դադար է հայտարարվել:

Եվրոպական ֆուտբոլի առաջատար լիգաներում՝ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի առաջնություններում, կորոնավիրուսի պատճառով դադար է:

Ֆուտբոլի մի քանի ֆեդերացիաներ ՈւԵՖԱ-ին կոչ են արել առաջնահերթ համարել ազգային առաջնությունների խնդիրների լուծումը:

Խաղեր չեն անցկացվում, տոմսեր չեն վաճառվում, ֆուտբոլային ակումբները վնասներ են կրում, ազգային առաջնությունները չեն ավարտվում, ֆուտբոլիստների պայմանագրերի, աշխատավարձը վճարելու հարցեր կան:

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հետաձգելը խնդիրներ է առաջացնում նաև խաղերը հեռարձակելու իրավունք ձեռք բերած հեռուստաընկերությունների համար: Հնարավոր է մեծ փոխհատուցումների հարցեր առաջանան:

XS
SM
MD
LG