Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է, որ Արևմուտքը պարտավոր է կրկնապատկել ջանքերը Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարող Ուկրաինային սատարելու գործում:
Թրասի խոսքով` Կիևին անհրաժեշտ է տրամադրել ծանր զինատեսակներ, այդ թվում` հրասայլեր և օդանավեր:
Արտգործնախարարի փոխանցմամբ, այժմ Եվրոպայում ընթանում է Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենաարյունալի և լայնածավալ պատերազմը, որը համատարած ավերածություններ է առաջացրել ամբողջ Ուկրաինայում և հազարավոր մարդկանց կյանք է խլել:
Բրիտանիան, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները զենք և զինամթերք են տրամադրում Ուկրաինային, բայց ամեն կերպ փորձում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից:
Մոսկվան, իր հերթին, նախազգուշացնում է, որ Ուկրաինայի զինումը կարող է հանգեցնել առճակատման ընդհուպ միջուկային զենքի գործադրմամբ:
«Եկեք պարզ ասենք՝ եթե Պուտինին հաջողվի հաղթել, ապա Եվրոպայում սոսկալի վիճակ կստեղծվի, և դա կունենա սարսափելի հետևանքներ ամբողջ աշխարհում»,- ասել է Լիզ Թրասը և զգուշացրել, որ Պուտինն Ուկրաինայով չի բավարարվի ու նոր տարածքներ խլելու համար նոր հարձակումներ կգործի:
Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ, Արևմուտքը պարտավոր է հզորացնել պաշտպանության համակարգը և այդ հարցում հատկապես մեծ ուշադրություն հատկացնել Լեհաստանին ու Ռուսաստանի հարևանությամբ գտնվող ռիսկային խմբի մյուս երկրներին:
Բացի այդ, ըստ Թրասի, Արևմուտքը պետք է նվազեցնի տնտեսական կախվածությունն ագրեսորներից: