Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է՝ բանակցություններ հնարավոր են միայն Ուկրաինայի պայմաններով, Կրեմլն էլ իր պայմաններն է դնում


Միխայիլ Պոդոլյակ, Դմիտրի Պեսկով
Միխայիլ Պոդոլյակ, Դմիտրի Պեսկով

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ հայտարարել է, թե բանակցությունները Մոսկվայի հետ հնարավոր են, բայց միայն Ուկրաինայի պայմաններով։

«Եվս մեկ անգամ հիշեցնեմ հիմնական աքսիոմը՝ բանակցություններ հնարավոր են, բայց միայն Ուկրաինայի պայմաններով՝ տարածքների վերադարձից և հանցավոր անկլավների վերացումից հետո», - գրել է նա։

Բանակցություններից երեկ խոսել է նաև Կրեմլը՝ պնդելով, թե Մոսկվան միայն մի բան ունի խոսելու Կիևի հետ՝ ռուսական կողմի պայմանների կատարումը, երեկ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, այն մասին, թե ինչպես կկատարվեն մեր պայմանները», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ մասին պետք է խոսի Մոսկվան Կիևի հետ։ Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ պայմանների մասին է խոսքը, միայն ասել է, որ դրանք չեն փոխվել։

Մինչդեռ ուկրաինական բանակը շարունակում է հակահարձակումը երկրի հարավում, իսկ ռուսները շարունակում են իրենց հարձակողական գործողությունները Դոնեցկի մարզում։

Ուկրաինական տարբեր աղբյուրներ կիրակի առավոտից հայտնում էին Խերսոնի մարզի Վիսոկոպոլյե ավանի գրավման մասին։ Որոշ ռուսական և ռուսամետ տելեգրամյան ալիքներ նույնպես գրել էին, որ ռուս դեսանտայինները նահանջել են նախկին մարզկենտրոնից։

Կիրակի երեկոյան ուկրաինական ստորաբաժանումների կողմից Խերսոնի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող այս ավանի ազատագրման մասին լուրը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։

Կիրիլո Տիմոշենկո
Կիրիլո Տիմոշենկո

Տիմոշենկոն, սակայն, Ֆեյսբուքում տեղադրել է միայն դրոշի բարձրացման լուսանկարը, որը տարածում էին ուկրաինական այլ աղբյուրներ, և գրեթե ոչինչ չի ավելացրել։

Խերսոնի մարզում առաջընթացի նոր ակնարկներ երեկ երեկոյան կային նաև Ուկրաինայի գլխավոր շտաբի ամփոփագրում։ Զեկույցում, մասնավորապես, ասված էր, որ Խերսոնի շրջանի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմաճակատի հատվածում ռուսները «պաշտպանական գործողություններ» են իրականացնում։

Բացի այդ, բնակավայրերի ցանկում, որոնց վրա, ըստ հաղորդագրության, կիրակի օրը ռուսական ուժերը ավիահարվածներ են հասցրել, ներառում են Կոստրոմկան և Բեզիմիաննին։ Այս երկու գյուղերը գտնվում են ուկրաինական հարձակման գծում՝ և, ըստ վերլուծաբանների, գտնվել են ռուսական զորքերի վերահսկողության տակ մինչև օգոստոսի վերջը, այսինքն՝ հակահարձակման սկիզբը։

Ուկրաինական կողմը կիրակի երեկոյան նաև հայտնել է, որ ռուսները շարունակում են անհաջող հարձակումները արևելքում՝ Բախմուտի, Սևերսկի և Իզյումի շրջաններում, իսկ ռազմաճակատի մյուս հատվածների վրա շարունակվում են հրթիռակոծություններն ու օդային հարձակումները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG