Եվրամիության անդամ երկրներին չհաջողվեց համաձայնության հասնել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման ամբողջական արգելքի հարցում։ Բայց կանաչ լույս է տրվել այն երկրներին, որոնք կողմ են այդ աննախադեպ սահմանափակմանը:
Պրահայում տեղի ունեցած երկօրյա հանդիպմանը դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները որոշեցին խզել Ռուսաստանի հետ 2007 թվականին կնքված վիզային համաձայնագիրը, ըստ այդմ՝ չեղարկել ռուսաստանցիներին վիզաների տրամադրման պարզեցված ռեժիմը, ինչը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով, «կբարդացնի ռուսաստանցիների մուտքը Եվրամիություն»․ կկրկնապատկի վիզայի արժեքը՝ 80 եվրո՝ 35 եվրոյի փոխարեն, կավելանա դիմումի մշակման առավելագույն ժամկետը, Reuters-ի տեղեկություններով՝ շենգենյան վիզա ստանալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներից կպահանջվեն ավելի շատ փաստաթղթեր, կկրճատվի նաև վիզայի գործողության ժամկետը:
Դաշինքի անդամ մի շարք պետություններ, մասնավորապես՝ բալթյան երկրները, Ֆինլանդիան, ավելի կոշտ տարբերակի՝ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին շենգենյան վիզա ստանալու հնարավորությունից զրկելու կողմնակից են՝ պնդելով, որ մինչ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայում, անթույլատրելի է ռուսաստանցի զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը։ Դրան դեմ են արտահայտվել, սակայն, Եվրամիության առանցքային երկու պետությունները՝ Գերմանիան և Ֆրանսիան։
Գերմանիայի դիվանագիտության ղեկավար Աննալենա Բերբոքի համոզմամբ՝ Եվրամիությունը չպետք է աջակցությունից զրկի Պուտինի ռեժիմի ընդդիմախոսներին:
«Մենք պետք է ռազմավարական պայքար մղենք ռուսաստանցիների «սրտերի և մտքերի» համար՝ համենայն դեպս այն հատվածի, որն Արևմուտքից վերջնականապես երես չի թեքել», - ասվում է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունում։ Դրանում նաև նշվում է, որ Ռուսաստանին սահմանակից և Շենգենյան գոտում ընդգրկված պետությունները կարող են ինքնուրույն կարգավորել ռուսների մուտքը իրենց երկրներ։
Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ վերջերս Ռուսաստանի եվրոպացի հարևանները՝ նախ և առաջ Ֆինլանդիան, Էստոնիան և Լատվիան, բախվել են ռուսների մեծ հոսքի, որոնք գալիս են «արձակուրդի և գնումներ կատարելու», «կարծես Ուկրաինայում պատերազմ չի մոլեգնում»։
Նաև անվտանգության հետ կապված մտահոգություններ
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի հարևանները նաև անվտանգության հետ կապված մտահոգություններ ունեն:
«Կարող եմ հիշեցնել, որ զբոսաշրջային վիզաներով մարդիկ պայթեցնում էին զինամթերքի գործարանն այստեղ՝ Չեխիայում։ Ես կարող եմ հիշեցնել Սոլսբերիի մասին։ Կարող եմ հիշեցնել նաև սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել նախքան պատերազմը։ Պատերազմից հետո մենք անվտանգության աճող ռիսկեր ենք տեսնում», - հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսը։
Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության հարցերով գործակալության տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր Ռուսաստանից Եվրամիություն է այցելել մոտ մեկ միլիոն մարդ, նրանց մեծամասնությունը ժամանել են Էստոնիայով կամ Ֆինլանդիայով:
Բալթյան երկրները և Լեհաստանը մտադիր են համատեղ մոտեցում մշակել
Ռուսներին հյուրընկալել չցանկացող Եվրամիության հինգ երկրների ներկայացուցիչները ողջունել են դաշինքի մակարդակով ընդունված վիզային սահմանափակումները, բալթյան երկրները և Լեհաստանը, այդուհանդերձ, մտադիր են համատեղ մոտեցում մշակել շենգենյան վիզա ունեցող ռուսների՝ իրենց տարածք մուտք գործելու հարցում։
Ռուսաստանի հարևան Եվրամիության անդամ երկրներն այժմ կարող են ազգային մակարդակով քննարկել ժամանակավոր միջոցների կիրառման հարցը՝ արգելել վիզաների տրամադրումը կամ սահմանափակել այցերն արդեն վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների համար:
Թե ինչ է ենթադրում այդ սահմանափակումը, դեռ պարզ չէ: Արևմտյան մի շարք աղբյուրների տեղեկություններով՝ այդ պետությունները կարող են բացառություն անել միայն մարդասիրական նկատառումներով կամ պատերազմին դեմ հանդես եկող հայտնի անձանց համար։
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները նախօրեին Պրահայում առայժմ միայն հավանություն են տվել քաղաքական որոշմանը, տեխնիկական մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, դրանք պետք է հստակեցնի Եվրոպական հանձնաժողովը։