Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը ժամանել է Ուկրաինայի Զապորոժիե քաղաք, և սպասվում է, որ արդեն այսօր կսկսի իր աշխատանքը՝ ուսումնասիրելու, թե որքան անվնաս է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռազմական գործողությունների ֆոնին։
Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հույս է հայտնել, որ կազմակերպությանը կհաջողվի մշտապես հետևել ԱԷԿ-ի աշխատանքին, նշելով, որ ատոմակայանի աշխատանքի միայն նախնական դիտարկումը մի քանի օր կտևի։
Ռուսաստանը, սակայն, իրարամերժ նշաններ է ուղարկում։ ԱԷԿ-ում Մոսկվայի նշանակած ներկայացուցիչները հայտարարել են, որ միջազգային գործակալության թիմը կարող է առավելագույնը 8 օր անցկացնել ատոմակայանում՝ ուսումնասիրելու իրավիճակը։ Այնինչ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Ռուսաստանի լիազոր Միխայիլ Ուլյանովը ողջունել է Զապորոժիեի ԱԷԿ-ում միջազգային աշխատանքային խմբի մշտապես մնալու հավանականությունը։
Ուկրաինա ներխուժած ռուսական զինված ուժերն օկուպացրել են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, և հարակից մարտական գործողությունների պատճառով միջուկային աղետի վտանգ է առաջացել։