Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են սկսել` ազատագրելու Խերսոնը


Ուկրաինայի զինված ուժերը այսօր հարձակում են սկսել երկրի հարավում` ռուսական բանակի կողմից բռնազավթված Խերսոնում:

«Այսօր մենք հարձակողական գործողություններ ենք սկսել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Խերսոնում», - ըստ տեղական լրատվամիջոցների` հայտարարել է Զինված ուժերի խոսնակը՝ զերծ մնալով հավելյալ մանրամասներից։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Նատալյա Գումենչուկը կոչ է արել նվազեցնել ռազմաճակատից լուրերի շուրջ աղմուկը։

«Ռազմական գործողությունը լռություն է պահանջում, հիբրիդային պատերազմի, տեղեկատվական պատերազմի պայմաններում այս իրարանցումը ճիշտ չէ։ Ցանկացած գործողություն, թեկուզ ոգեշնչող, պետք է իրականացվի և ունենա տրամաբանական ավարտ, և միայն այդ դեպքում դա կարող է արդյունավետ համարվել», - ասել է նա:

Այսօր ավելի վաղ իր Տելեգրամ ալիքում Օդեսայի շրջանային ռազմական վարչության փոխնախագահ Ալեքսեյ Մացուլևիչը գրել էր․ «Խերսոնի համար մարտերը սկսվել են»:

Սակայն կարճ ժամանակ անց պաշտոնյան ջնջել էր գրառումը։

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, թե զորքերը հարվածել են Խերսոնի մարզում գտնվող մեքենաշինական գործարանին, որտեղ ռուսական զորքերը մեծաքանակ զինամթերք ու զինվորներ էին կուտակել։ Առայժմ անկախ աղբյուրներից այս տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։

Հաղորդվում է նաև, որ Խերսոնի մերձակայքում գտնվող, կրկին ռուսների կողմից օկուպացված Նովայա Կախովկայում էլ տագնապ է հայտարարված։ Օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնովը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ ուկրաինական զորքերը մեկ օրում ավելի քան տասը հրթիռային հարված են հասցրել, վնասվել են տներ և դպրոց։

Ոչ մի ահաբեկիչ առանց պատասխանի չի մնա մեր քաղաքների վրա հարձակումների համար. Զելենսկի

Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցի համաձայն՝ մինչ ուկրաինացիները սկսել են կամ առաջիկայում սկսելու են մեծ հակագրոհը Ուկրաինայի հարավում, հանգստյան օրերին ռուսական զորքերն անհաջող հարձակումներ են իրականացրել Սլավյանսկից հյուսիս-արևմուտք, սահմանափակ ցամաքային հարձակումներ Բախմուտի, Դոնեցկի և Խարկովի ուղղությամբ։

Չկարողանալով զգալի առաջխաղացում արձանագրել Դոնեցկի մարզում, որի գրավումը Կրեմլն իր առաջնահերթ նպատակն է համարում, ռուսական կողմը Դոնբասը գրեթե ավերակի է վերածել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` հավելելով. «Ոչ մի ահաբեկիչ առանց պատասխանի չի մնա մեր քաղաքների վրա հարձակումների համար։ Զապորոժիե, Օրիխիվ, Խարկով, Դոնբաս, նրանք պատասխան կտան բոլորի համար»:

Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը նաև ավերել են Ուկրաինայի հարավում գտնվող Միրնի գյուղի շենքերից մեկը, որտեղ նախապատրաստվում էր այսպես կոչված «հանրաքվեն»՝ օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ, հայտնել է Մելիտոպոլի քաղաքապետը։

Մինչ այս պահը հայտնի չէ, թե երբ Ռուսաստանը կանցկացնի հանրաքվեն օկուպացված տարածքներում: Պաշտոնական օր դեռ չի հայտարարվել։ Մինչ այդ Կիևն արդեն զգուշացրել է, որ եթե ռուսները «հանրաքվե» կազմակերպեն օկուպացված տարածքներում, ուկրաինական կողմը կհրաժարվի Կրեմլի հետ ցանկացած բանակցություններից:

Հնարավոր չի լինի առաջիկա շաբաթներին Դոնեցկում անցկացնել հանրաքվեն. փորձագետ

Դոնեցկի մարզի շուրջ կեսը մնում է ուկրաինական վերահսկողության տակ։ Ռազմական հարցերով փորձագետ Ռուսլան Լևիևի կարծիքով` հնարավոր չի լինի առաջիկա շաբաթներին անցկացնել այդ հանրաքվեն:

«Հանրաքվե» անցկացնելու համար անհրաժեշտ է տարածքներ գրավելու ծրագրեր իրականացնել, մասնավորապես նույն Դոնեցկի շրջանում պետք է գրավել Սոլեդարը, Բախմուտը, Սլավյանսկը, Կրամատորսկը։ Բայց այս ամենը դեռ չի արձանագրվել։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 11-ին Դոնեցկի մարզում հանրաքվե անցկացնելն անհնար է։ Ռուսական հարձակումը շատ թույլ է, հաջողությունները՝ համեստ», - նշել է նա:

Ռազմական վերլուծաբանի խոսքով` հաջողությամբ առաջ գնալու համար անհրաժեշտ է արագ, անշեղորեն զինամթերք հասցնել առաջնագիծ, նախկինում պահեստները գտնվում էին առաջնագծից ավելի քան 80 կմ հեռավորության վրա, և դա հաջողվում էր։ Բայց երբ Ուկրաինան ստացավ նման հեռավորության վրա թռչող արկերով HIMARS- ներ, Ռուսաստանը ստիպված էր պահեստները տեղափոխել ավելի հեռու։ Միաժամանակ վերլուծաբանն ասում է, թե սխալ է կարծել, թե ռուսական ներուժը սպառվում է․ նման բան դեռ չկա, այլ հարց է, որ զինամթերքն առաջնագիծ հասցնելը հիմա դարձել է շատ ավելի դժվար։

Շոլցը կոչ է արել ընդլայնել Եվրամիությունը

Ռազմական գործողությունները շարունակվում են, և այսօր դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենա այս պատերազմը, մինչդեռ Արևմուտքը բոլոր հարթակներից շարունակում է հայտարարել Ուկրաինային իր աջակցության մասին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կոչ է արել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և արևմտյան Բալկանների երկրներին ընդունել Եվրամիություն։ Նա հանդես է եկել Եվրամիության ընդլայնման օգտին. «Ընդլայնումը բխում է Եվրամիության շահերից: Այս օրերին կրկին հարց է ծագում, թե որտեղ է լինելու ազատ Եվրոպայի և նեոիմպերիալիստական ավտոկրատիայի բաժանարար գիծը»:

Պրահայի Կառլովի համալսարանում իր ելույթի ժամանակ Շոլցը նաև ասել է, որ Գերմանիան պետք է հատուկ պատասխանատվություն ստանձնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և հրետանային կարողությունների կառուցման համար։ Նրա խոսքով՝ Բեռլինը կշարունակի օգնել Կիևին և առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկի ժամանակակից զինատեսակներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ և անօդաչու սարքեր։

Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել ռուսական լայնածավալ ներխուժման սկսվելուց գրեթե անմիջապես հետո։ Դրանից հետո դիմումներ են ներկայացրել նաև Վրաստանը և Մոլդովան։ Հունիսին ԵՄ երկրները Ուկրաինային և Մոլդովային շնորհեցին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, միաժամանակ ընդգծելով, որ բուն անդամակցությունը տարիներ կշարունակվի։

Ուկրաինան դիմել է ՄԱԿ

Ուկրաինան դիմել է ՄԱԿ համացանցում հայտնված տեսանյութի պատճառով, որում ռուս վարձկան Իգոր Մանգուշևը ելույթ է ունենում, ինչպես ինքն է պնդում, ուկրաինացի մի զինվորի գանգը ձեռքին։ Բեմից դիմելով հանդիսատեսին՝ վարձու զինվորը պնդում է, թե մահացածը «Ազովստալ» գործարանը պաշտպանող ուկրաինացիներից մեկն է, և որ այսուհետ ռուսների ու ուկրաինացիների միջև հաշտություն չի կարող լինել։

«Ինձ չի հետաքրքրում, թե քանի ուկրաինացի զինվոր կսպանվի և ինչպես», - ասում է նա:

Թե կոնկրետ որտեղ է նկարանահվել այս տեսանյութը, ով է եղել հանդիսատեսը, հայտնի չէ։ Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, դիմելով ՄԱԿ-ին, նշել է, որ դա Ռուսաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման ևս մեկ ապացույց է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG