Մատչելիության հղումներ

Նավալնին կրկին պատժախուց է տեղափոխվել՝ այս ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ


Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին կրկին պատժախուց է տեղափոխվել՝ այս ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ։ Երկարամյա ազատազրկման դատապարտված 46-ամյա ընդդիմադիր գործիչն այդ մասին սոցիալական ցանցերով է հայտնել։

«Դուք կծիծաղեք, բայց ես կրկին պատժիչ մեկուսարանում եմ։ Կիրակի երեկոյան ինձ բաց են թողել, իսկ երկուշաբթի կրկին փակել ու չեն թաքցնում, որ հետագայում էլ այս խորշից դուրս չեմ գա»,- ասվում է Նավալնիի անունից հրապարակված հաղորդագրությունում։

Նավալնին համոզված է, որ այս անգամ Պուտինի վարչակազմն իրեն պատժում է՝ աջակիցների կազմած ցուցակի պատճառով, որտեղ ներառել են Ուկրաինայի դեմ պատերազմ հրահրողների, կոռուպցիոներների և օլիգարխների 6 հազար անուն։ Նավալնին կոչ էր արել՝ ռուսաստանցի այդ պաշտոնյաների ու օլիգարխների դեմ պատժամիջոցներ սահմանել։

«Ես ատում եմ այս պատերազմը, և մենք՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գործընկեներիս հետ փորձում ենք գոնե ինչ-որ բան անել, որպեսզի այն մոտեցնենք ավարտին։ Դրա համար հիմա անհրաժեշտ է մեծացնել ճնշումը կոռումպացված պուտինյան վերնախավի վրա, մինչև որ այն կպառակտվի», - նշել է ընդդիմադիր գործիչը։

Նավալնիի փաստաբան Վադիմ Կոբզևն էլ իր հերթին շանտաժ է որակել իր պաշտպանյալին անընդհատ պատժախուց տանելու որոշումը, շեշտելով, որ Նավալնին մեջքի հետ կապված խնդիրներ ունի, և անհնար է փոքրիկ խցում թիկունքի ցավը մեղմող ամենօրյա վարժություններ անել։ Սրանով իշխանությունները զգուշացնում են Նավալնուն՝ «եթե քեզ խելոք չպահես, մենք քեզ հաշմանդամ կդարձնենք», - Թվիթերում գրել է Կոբզևը։

Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարին՝ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Պուտինյան ռեժիմի մասին բազմաթիվ հետաքննություններով հայտնի ակտիվիստը Բեռլինում բուժվում էր «Նովիչոկ»-ով թունավորվելուց հետո:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG