Նավալնու դատավճիռը չի համապատասխանում օրենքի տառին. Գերմանիայի կանցլեր
Ամերիկան կարող է նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանի իշխանությունները ևս մեկ դատավճիռ կայացնեն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու դեմ, երեկ հայտնել Է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին։ Դրանից մեկ օր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարն էր մտահոգություն հայտնել Նավալնուն ներկայացված նոր մեղադրանքների կապակցությամբ:
«Արդյոք այս իրավիճակում Սպիտակ տունը իր դաշնացիների հետ դիտարկում է կոնկրետ պաշտոնյաների, գուցե Պուտինի ու նրա մերձավորների դեմ պատժամիջոցների հարցը կամ այլ ջանքեր, որոնք կարող են օգնել Նավալնուն կամ ռուսական ընդդիմությանը», - հարցրել է լրագրողը:
«Դիտարկվում են մի շարք պատժամիջոցներ նրա մտերիմ շրջանակի դեմ», - արձագանքել է Սպիտակ տան խոսնակը:
Եվրամիությունը ևս բազմիցս հայտարարել է, որ Նավալնու դեմ մեղադրանքներն անհիմն են և նպատակ ունեն միայն նրան լռեցնել: Վերջինն այդ մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը հենց Կրեմլում երկու օր առաջ` Պուտինի հետ համատեղ ասուլիսում. «Ինչ վերաբերում է Նավալնուն, իմ դիրքորոշումը շատ հստակ է` նրա դատավճիռը չի համապատասխանում օրենքի տառին, և ես այս մոտեցումը արտահայտել եմ բազմաթիվ առիթներով»:
«Ես չեմ վախենում, և ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին չվախենալ»
Արդեն մեկ տարի բանտում գտնվող Նավալնու նկատմամբ Ռուսաստանի իշխանությունները նախօրեին նոր դատավարություն են սկսել, այս անգամ խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով: Դատախազության պնդմամբ` Նավալնին գողացել է մոտ 2,7 մլն ռուբլի, որոնք նվիրաբերել են չորս քաղաքացիներ կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Բացի այդ, Նավալնիին մեղադրում են Հայրենական մեծ պատերազմի վետերանին զրպարտելու գործով վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:
Ինչպես և մյուս գործերով, այս դեպքում էլ Կրեմլի կոշտ քննադատն իրեն մեղավոր չի ճանաչում։ Քանի որ նա այժմ կալանավորված է, դատական նիստերն անցնում են բանտում` Վլադիմիրի շրջանի թիվ 2 քրեակատարողական մեկուսարանում:
Մեղադրանքները հաստատվելու դեպքում Նավալնիին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Չնայած շարունակական հետապնդումներին` նա երկու օր առաջ կայացած դատավարության ժամանակ նորից հայտարարել է, թե վստահ է` ինքը կշարունակի մնալ անազատության մեջ, քանի դեռ իշխանությունը գտնվում է Վլադիմիր Պուտինի ձեռքերում, բայց անգամ դրանից չի վախենում և նույնիսկ պատրաստ է դեռ երկար տարիներ անցկացնել գաղութում։
«Ես կրկին ասում եմ ձեզ՝ ես չեմ վախենում, և ես ևս մեկ անգամ այս խցիկի առաջ կոչ եմ անում բոլորին չվախենալ: Քանի որ այստեղ վախենալու ոչինչ չկա։ Վախենալ պետք է, որ մենք ամբողջ մեր կյանքը աղքատության մեջ, դեգրադացիայի մեջ, հեռանկարների բացակայության մեջ անցկացնենք և մեր երեխաներին ժառանգություն թողնենք ահա այս ամենը` այս ստրկամտությունը, պարզապես սպասել, թե երբ լավ կլինի։ Լավ երբեք չի լինի, քանի դեռ իշխանության է գողերի ավազակախումբը։ Շնորհակալություն»:
Նավալնու դեմ այս նոր քրեական գործերով դատավարությունը շարունակվելու է հաջորդ շաբաթ։ Նա բանտում է անցած տարվա հունվարի 17-ից: Իշխանությունները նրան ձերբակալեցին վիճահարույց «Կիրով լեսի» գործով պայմանական ազատազրկման կանոնները խախտելու համար: Մինչ այդ նա անգիտակից վիճակում տեղափոխվել էր Բեռլին, բուժման կուրս անցել։
Գերմանիայի իշխանությունները պնդել էին, որ նրան թունավորել են նյարդապարալիտիկ «նովիչոկ» տիպի նյութով: Նավալնին և նրա աջակիցները շարունակում են թունավորման մեջ մեղադրել Ռուսատանի հատուկ ծառայություններին և անձամբ նախագահ Պուտինին: Այս ընթացքում մինչ Պուտինի կոշտ քննադատը գտնվում է բանտում, իշխող վարչակազմը ոչ միայն նոր քրեական գործեր է հարուցել նրա դեմ, այլև ապօրինի ճանաչել Նավալնու բոլոր կառույցները, որոնք ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն աղմկոտ գործեր էին բացահայտում: Դրանց գործունեությունը այժմ Ռուսաստանի տարածքում արգելված է, Նավալնիի թիմակիցների մեծ մասը ստիպված է եղել հեռանալ հայրենիքից և պայքարը իշխանությունների դեմ ժամանակավորապես տեղափոխել արտասահման։
Իվան Ժդանովի հորը դատապարտել են երեք տարվա իրական ազատազրկման
Ի դեպ, այսօր Նավալնու Կոռուպցիայի դեմ հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հորը դատապարտել են երեք տարվա իրական ազատազրկման` խտացնելով դատավճռիը։ Իվան Ժդանովը, ում դեմ նույնպես քրեական գործ է հարուցված, ստիպված է եղել լքել Ռուսաստանը և պնդում է, որ հոր դեմ քրեական գործը քաղաքական է։ Դատարանը համարում է, որ Յուրի Ժդանովը, ով նախկինում աշխատում էր Նենեցկի մարզի Իսկատելի ավանի ադմինիստրացիայում, օգնել է սոցիալական բնակարան ստանալ այդ ավանի մի անապահով ընտանքի, որը մինչ այդ բնակարան գնելու համար գումար էր ստացել պետությունից։
Նախկինում Ժդանովին դատապարտել էին երեք տարվա պայմանական ազատազրկման, իսկ այսօր դատավճիռը խստացրել ՝ պայմանականը դարձնելով իրական։ Դատաճիռը բողոքարկել էին և՛ մեղադրող կողմը, և՛ Ժդանովի փաստաբանները։