Մատչելիության հղումներ

Նավալնիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «ծայրահեղական խմբավորում ստեղծելու» հոդվածով


Երկարամյա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հայտնում է իրեն առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ «ծայրահեղական խմբավորում ստեղծելու» հոդվածով։ Խոսքը քաղաքական գործչի գլխավորած Հակակոռուպցիոն հիմնադրամի մասին է, որն զբաղվում է իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն գործարքների բացահայտմամբ։

«Այսօր քննիչը նորից հայտնվեց և ինձ պաշտոնապես մեղադրանք առաջադրեց նոր գործով», - Թվիթերում այսօր գրել է Նավալնին՝ ենթադրելով, որ իր պատժաչափը կավելանա ևս 15 տարով։

Ամիսներ առաջ դատարանը ընդդիմադիր գործչին 9 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Նավալնին մեղքը չի ընդունում, նրա թիմակիցները, արևմտյան երկրները պնդում են, որ ընդդիմադիր գործիչը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել է 2021 թվականի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում նա բուժվում էր «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով թունավորումից հետո:

XS
SM
MD
LG