Ռուսաստանցի ընդդիմադիր լիդեր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին փոխադրել են խիստ ռեժիմի գաղութ: Այդ մասին նա այսօր հայտնել է «Տելեգրամում»:
Տելեգրամյան գրառման համաձայն, Նավալնիին ընդհանուր ռեժիմի կարգավիճակ ունեցող Վլադիմիրի շրջանի Պոկրովի ավանի թիվ 2 քրեակատարողական հիմնարկից երեկ են փոխադրել նույն շրջանի Մելեխովո վայրում գտնվող թիվ 6 խիստ ռեժիմի գաղութ:
Նավալնին գրել է, որ հիմա կարանտինի պայմաններում է: Նա նշել է, որ մեծ թվով գրքեր է հետը փոխադրել նոր գաղութ:
Ըստ ռուսաստանցի իրավապաշտպանների, Մելեխովի թիվ 6 գաղութում կալանավորները բազմիցս գանգատվել են կտտանքների և նույնիսկ սեռական բռնության ենթարկվելու կապակցությամբ:
Նավալնին դեռ գարնանն է տեղեկացել իրեն այդ գաղութ տեղափոխելու իշխանության որոշման մասին: Նա այն ժամանակ ասել է, թե ուրիշ կալանավորներից լսել է, որ իր համար Մելեխովի գաղութում «բանտի մեջ բանտ են պատրաստում»: