Ընդդիմադիր, արդեն մեկուկես տարի ազատազրկված Ալեքսեյ Նավալնին կալանավայրից արևմտյան երկրներին և միջազգային կորպորացիաներին կոչ է արել Կրեմլի ռազմական քարոզչության դեմ տեղեկատվական ճակատ բացել: Իր ուղերձը Նավալնին հրապարակել է Twitter-ում։
«Ուկրաինացիներին սպանելու համար Պուտինին իսկապես անհրաժեշտ է աջակցությունը պատերազմին Ռուսաստանի ներսում։ Եվ նախ պետք է հասկանալ՝ Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմին 75 տոկոսանոց աջակցություն չկա։ Սա Կրեմլի սուտն է», -հայտարարել է Նավալնին:
Պատերազմի մեկնարկից ի վեր դաշնային լրատվամիջոցները հարցումներ են հրապարակում, որոնց համաձայն ռուսաստանցիների գերակշռող մասը կողմ է Պուտինի սկսած հատուկ օպերացիային։ Նավալնին, մինչդեռ, պնդում է՝ եթե պատերազմին իսկապես այդչափ աջակցեին Ռուսաստանում, պետք չէր լինի այս մեկուկես ամսվա ընթացքում փակել ու արգելափակել բոլոր անկախ, այդ թվում՝ բավականին զգուշավոր լրատվամիջոցները։
Կրեմլի կոշտ քննադատը, ում թիմակիցները նորից ակտիվացել են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններից հետո, նկատում է, որ գրաքննության և քարոզչության պատճառով ռուսների մեծամասնությունը լիովին աղավաղված պատկերացում ունի իրականության մասին։ Մյուս կողմից, ըստ նրա հաշվարկների, չնայած սոցիալական ցանցերի արգելափակմանը, Ռուսաստանի չափահաս քաղաքացիների ավելի քան 85 տոկոսն ամեն օր օգտվում է Facebook-ից, Instagram-ից, WhatsApp-ից և YouTube-ից։
Նավալնին կարծում է, որ այս գործիքները պետք է օգտագործել և սոցիալական ցանցերում լայնածավալ հակապատերազմական արշավ սկսել։
«Մեզ գովազդ է պետք։ Շատ գովազդ. Ազգային հակապատերազմական հսկայական արշավը կսկսվի գովազդային արշավով։ Ինտերնետի յուրաքանչյուր ռուս օգտատիրոջ օրական 200 միլիոն դիտում պետք է ապահովել, պատմություններ, գրառումներ, տեսանյութեր: Ամբողջ Ռուսաստանում՝ քաղաքներում և գյուղերում։ Յուրաքանչյուր պլանշետում և յուրաքանչյուր հեռախոսում», - նշել է նա:
Քաղաքական գործիչը ԱՄՆ նախագահին, Մեծ Բրիտանիայի վարչապետին, Եվրամիության ղեկավարներին հորդորել է աջակցել այս արշավին, բացի այդ՝ կոչ է արել օտարերկրյա լրատվամիջոցներին ուշադրության կենտրոնում պահել այս թեման։
Արդեն 50-րդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում Ռուսաստանի ղեկավարությունը միայն երկու անգամ է պաշտոնապես տվյալներ հրապարակել զոհերի վերաբերյալ, մինչ այս պահը հայտնի չէ՝ ով է ռազմական գործողությունների նոր ղեկավարը: Նախորդը պաշտոնանկ էր արվել օրեր առաջ, թե ինչո՞ւ, կրկին չէր հաղորդվել։ Բացի այդ, Կրեմլից անկախ փորձագետները հրաժարվում են խոսել պատերազմի մասին, հակառակ դեպքում՝ նրանց քրեական պատասխանատվության կենթարկեն։ Այս պայմաններում անցկացվող սոցիալական հարցումներն իսկապես վկայում են, որ ռուսաստանցիների մեծ մասն այսօր աջակցում է Պուտինին:
«Լևադա» կենտրոնի հրապարակած վերջին հարցման համաձայն, օրինակ, հարցվածների 53 տոկոսը «միանշանակ աջակցում է», իսկ 28 տոկոսը՝ «ավելի շուտ աջակցում» հատուկ օպերացիային Ուկրաինայում։ Պատերազմին դեմ էր արտահայտվել միայն 14 տոկոսը, ևս 6 տոկոսը դժվարացել էր պատասխանել։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնն էլ, այսօր հայտնեց, թե վերջին տասը օրը ռուսաստանցիների աջակցությունը Պուտինի վարած քաղաքականությանը աճել է 0,7 տոկոսով և հասել 79,6 տոկոսի։