Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին ստացել է Ազատության մեդալը


Ալեքսեյ Նավալնին տեսակապով բանտից պատասխանում է դատավորի հարցերին, արխիվ, Մոսկվա,25 հունիսի, 2021թ.
Ալեքսեյ Նավալնին տեսակապով բանտից պատասխանում է դատավորի հարցերին, արխիվ, Մոսկվա,25 հունիսի, 2021թ.

Բանտում ազատազրկման պատիժը կրող Ռուսաստանի ընդդիմության լիդեր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին ստացել է Ազատության մեդալը, որը շնորհում է «Կոմունիզմի զոհերի հուշահամալիր» ամերիկյան ոչ կառավարական հիմնադրամը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, մեդալը Վաշինգտոնում Նավալնիի անունից ստացել է նրա նախկին մամլո քարտուղար Աննա Վեդուտան:

«Հիմա Ալեքսեյ Նավալնիի, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի, աշխարհի բոլոր մարդկանց համար ամենակարևորն է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»,- իր ելույթում ասել է Վեդուտան:

Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու համար պետք է պատերազմի մասին ճշմարտությունը հասցնել Ռուսաստանի քաղաքացիներին:

Նա այսօրվա իրավիճակը համեմատել է խորհրդային այն տարիների հետ, երբ մարդիկ, ի վերջո, դադարել են վստահել պաշտոնական տեղեկատվությանը:

Նավալնիի անունից Վեդուտան տեղեկատվական ոլորտի հսկաներին կոչ է արել պատերազմի հակառակորդներին տրամադրել ռուսաստանցիներին հասցեագրված տեղեկատվական լայնածավալ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն:

«Կոմունիզմի զոհերի հուշահամալիր» հիմնադրամը ստեղծվել է 1993 թվականին ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությամբ:

Հիմնադրամը մրցանակը շնորհում է մարդու իրավունքների պաշտպանության, կոմունիստական և բռնապետական այլ ռեժիմներին ընդդիմանալու համար:

Նավալնիին Ազատության մեդալն այս տարվա հունվարին տրվել է «Վլադիմիր Պուտինի ռեժիմին խիզախորեն ընդդիմանալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG