Ռուսական ուժերը անցած գիշերը հրետակոծել են Խարկովի արվարձանը, որի հետևաքնով ավերվել է թաղամասի քոլեջի շենքը, մասամբ վնասվել է հիվանդանոցը։ Քոլեջի գիշերային պահակը վիրավորվել է, իսկ նրա կինը զոհվել է։ Կինը վախեցել էր միայնակ մնալ տանը, որոշել էր գիշերել քոլեջի շենքում, ամուսնու մոտ և զոհվել ռուսների հրետակոծությունից։
ՄԱԿ-ի տվյալներով, օգոստոսի 22-ի դրությամբ, Ուկրաինայում զոհվել է 5 հազար 587 խաղաղ բնակիչ։ ՄԱԿ-ը նշում է, որ սա փաստաթղթավորված տվյալներով է, զոհերի քանակը ենթադրաբար ավելին է, պատերազմական գործողությունների շրջաններում տվյալները դեռևս հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել։ ՄԱԿ-ի այս տվյալներում ներառված չեն Չապլինո երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետեևանքով զոհվածների թիվը, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի երեկոյան։
Մոսկվան երեկ հաստատեց Դնեպրոպետրոսկի մարզում Չապլինո երկաթուղային կայարանի հրթիռակոծումը, պնդելով, թե հարվածել են զինվորական էշելոնին, շուրջ 200 պահեստազորային և մեկ տասնյակ զինտեխնիկա է ոչնչացվել, որոնք տեղափոխվում են Դոնեցկի մարտական գործողությունների գոտի։
Ուկրաինական կողմի հաղորդագրություններում զինվորական գնացքի մասին որևէ ակնարկ չկա, Կիևը պնդում է, որ հրետակոծվել է խաղաղ բնակավայրը, 25 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Միջազգային լրատվական գործակալությունների հրապարակած տեսանյութերում Չապլինոյում ավերված մասնավոր տներ են, վախեցած բնակիչների պատմություններ։
Ուկրաինայի դատախազության այսօր հրապարակած տվյալների համաձայն, փետրվարի 24-ից՝ պատերազմի սկզբից ի վեր, ռուսական ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում 377 երեխա է զոհվել, իսկ ավելի քան 700 երեխա վիրավորվել, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Դատախազությունը նշում է, որ խոսքը միայն հաստատված տվյալների մասին է, տուժած երեխաների քանակը կարող է ավելի շատ լինել, քանի որ մարտական գործողությունների ընթացքում կամ օկուպացված շրջաններում փաստերը հնարավոր չէ ճշտել։
Ըստ ներկայացված տվյալների, ռուսական ուժերի հրետակոծությունների ու ռմբահարումների հետևանքով Ուկրաինայում վնասվել են 2 հազար 328 ուսումնական հաստատությունների շենքեր, որոնցից 289-ը ավերվել են։
Ռուսական ուժերի ցամաքային հարձակումների տեմպերը վերջին շրջանում նկատելիորեն դանդաղել են։ Դա ընդունել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, պատճառաբանելով հումանիտար նկատառումները, իբր, աշխատում են խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից։
Բրիտանիայի ռազմական հետախուզության վերլուծաբանները Շոյգուի խոսքերը ապատեղեկատվություն են համարում, նշելով, որ նրա ելույթի նույն օրը ռուսական ուժերը «Իսկանդեր» հրթիռով հարվածել են Չապլինո կայարանին։ Բրիտանացիները գտնում են, որ ռուսական ուժերի հարձակման տեմպերը դանդաղել են ռուս զինվորականների վատ աշխատանքի պատճառով և Ուկրաինայի կատաղի դիմադրության շնորհիվ։ Պատերազմի ընթացքում ռուսական ուժերում արդեն վեց գեներալ է փոխվել, քանի որ նրանք չեն կարողացել ապահովել զորքերի ըստ պլանի նախատեսված առաջխաղացումը։
Ուկրաինական կողմը այսօր հաղորդեց Լուգանսկի մարզում ռուսամետ ուժերին հարվածելու մասին։ Սերգեյ Գայդայը, որ կորցված Լուգանսկի վարչակազմի ղեկավարն է, ասել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Կադիևկա քաղաքի «Դոնբաս» հյուրանոցին։ Նրա ասելով՝ ոչնչացվել է ռամզա-օդային ուժերի 200 դեսանտնիկ։
Ռուսական բանակը ամբողջությամբ գրավել է Լուգանսկի մարզը, իսկ Կադիևկա քաղաքը ռուսամետ ուժերի վերահսկողության տակ էր 2014 թվականից։
Ռուս-ուկրաինական պատերազմում օպերատիվ իրավիճակի մասին վերջին տեղեկությունները, Զապորոժիեի ատոմակայանից բացի, վերաբերում են երկուստեք հրետակոծություններին՝ հակառակորդի զինուժը և լոգիստիկ հնարավորությունները՝ ոչնչացնելու, թուլացնելու նպատակով։
Ուկրաինական կողմից հաճախակի են դարձել Դնեպրի կամուրջների հրետակոծությունները, մասնավորապես Խերսոնի շրջանում, որտեղ ռուսական ուժերը անցել են Դնեպրի աջ ափը և ուկրաինացիները փորձում են նրանց կտրել հիմնական ուժերից՝ հարվածելով կամուրջներին։
Ռուսական կողմը հաղորդում է ուկրաինական օդանավակայաններին հարվածելու, մարտական օդանավեր շարքից հանելու մասին։
Պատերազմի կես տարին լրանալու հաջորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց բանակը մեծացնելու մասին։ Ներկայիս 1 միլիոն 900 ծառայողների փոխեն գալիք տարվա սկզբից ռուսական բանակի թվակազմը անցնելու է երկու միլիոնը և կազմելու է 2 միլիոն 40 հազար, որից 1 միլիոն 150 հազարը զինվորականներ, մնացածը քաղաքացիական անձնակազմ։
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը փորձում է խուսափել համընդհանուր զորակոչ հայտարարելուց, հավանական է աշնանային, հերթական զորակոչին բանակը համալրվի շուրջ 130 հազար զինվորներով՝ Ուկրաինայում կրած կորուստները լրացնելու համար։