Մատչելիության հղումներ

Ըստ Կիևի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է մասամբ անջատված մնալ էլեկտրական ցանցից


Պաշտոնական Կիևը տեղեկացնում է, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսից, Զապորոժիեի ատոմակայանը շարունակում է մասամբ անջատված մնալ Ուկրաինայի էլեկտրական ցանցից։

Սա տեղի է ունեցել մոտակայքում բռնկված հրդեհի հետևանքով, որն էլ, Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ, հաջորդել է ռուսական ուժերի հրետակոծությանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական ուժերը ռմբահարել են քարածխով աշխատող էլեկտրակայանին մոտ գտնվող մոխրի հորերը, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ԱԷԿ-ը հոսանքազրկվել է։ Հրդեհի մարումից ժամեր անց բլոկներից մեկը միացվել է, վերականգնվել է Զապորոժիեի ու հարակից շրջանների էլեկտրականությունը։

Միջադեպի ընթացքում սկսել են գործել դիզելով աշխատող գեներատորները, որոնք շարունակել են էլեկտրաէներգիայի մատակարարումը Ատոմային էլեկտրակայանին՝ ապահովելով կառույցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող հովացման և անվտանգության համակարգերի աշխատանքը։

Ըստ մասնագետների՝ Զապորոժիեի ատոմակայանը կառուցված է բավականին անվտանգ նախագծով։ Այն կարող է դիմանալ ուժեղ հարվածների, անգամ եթե օդանավ ընկնի ատոմակայանի վրա, բայց եթե հովացման համակարգը խաթարվի, պաշտպանությունն անզոր կլինի միջուկային շղթայական ռեակցիայի դիմաց։

Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանում ստեղծված պայթունավտանգ իրավիճակն ուսումնասիրելու և վտանգները չեզոքացնելուն ուղղված միջազգային կառույցների և արևմտյան երկրների առաջնորդների ջանքերն ամիսներ շարունակ արդյունք չեն տվել։

ՄԱԿ-ին կից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը արդեն «շատ մոտ է» միջազգային հանձնաժողովի այցի շուրջ պայմանավորվածությանը։

Ռաֆայել Գրոսսի
Ռաֆայել Գրոսսի

«Գրեթե ամեն օր նոր միջադեպ է տեղի ունենում Զապորոժիեի ատոմակայանում կամ դրա մոտակայքում։ Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել։ Ես լի եմ վճռականությամբ անձամբ գլխավելորելու ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը ատոմակայան առաջիկա օրերին՝ օգնելու կայունացնելու այնտեղ իրավիճակը կապված միջուկային անվտանգության հետ»,- հայտարարել է Գրոսսին։

Նախօրեին Պետդումայի խորհուրդը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը ռուսների վերահսկողության տակ անցած ատոմակայան կազմակերպելու հարցով։ Փորձագետների ժամանումը կարող է տեղի ունենալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբներին։

«Բլումբերգի» փոխանցմամբ, բացի ատոմակայանում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելուց, միջազգային մասնագետները մտադիր են նաև տեղում գնդակոծության փաստերը հետաքննել, ինչի համար Կիևն ու Մոսկվան միմիյանց են մեղադրում։

Հնարավոր այս այցը, ինչպես հաղորդվում է, կազմակերպվում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջնորդությամբ, որն, ինչպես հայտարարվել է, քննարկումներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Վլադիմիր Պուտին, Էմանյուել Մակրոն
Վլադիմիր Պուտին, Էմանյուել Մակրոն

Ելիսեյան պալատի և Կրեմլի ղեկավարների հերթական հեռախոսազրույցից հետո ֆրանսիական կողմը հայտնել է, որ Պուտինը դեմ չէ առաջիկայում միջազգային փորձագետների այցին, ընդ որում ռուսական կողմը համաձայն է, որպեսզի նրանք ժամանեն Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Կիևը, սակայն հայտարարում է, որ ռուսական կողմն արդեն խոչնդոտներ է ստեղծում այդ երթուղու հետ կապված։

«Չնայած ռուսները համաձայնել են, որ առաքելությունը Ուկրաինայի տարածքով ժամանի, այժմ արհեստականորեն պայմաններ են ստեղծում, որպեսզի առաքելությունը չհասնի կառույցին՝ հաշվի առնելով դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խորհրդական Լանա Զերկալը։

Մինչ այդ Ուկրաինայի երբեմնի ֆինանսատնտեսական կենտրոն համարվող Զապորոժիեի քաղաքի բնակիչներից շատերը մտավախություն ունեն, որ հրթիռակոծության թիրախում հայտնված ատոմակայանը կարող է անդառնալի աղետի պատճառ դառնալ՝ հանգեցնելով մարդկային ծանր կորուստների։

Զապորոժիեի շրջանի զգալի մասը ռուսները գրավել են, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է: «Ռոյթերզի» հետ զրույցում այդ քաղաքի բնակիչները ռուսներին են մեղադրում ստեղծված կացության համար և պնդում, որ միջադեպերի պատասխանատվությունը նրանց վրա է։

«Բոլոր օրենքներով և կանոններով պատասխանատվությունը ընկած է օկուպանտների վրա՝ թե՛ մարդկանց կյանքի, թե՛ օկուպացված տարածքում գտնվող օբյեկտների։ Անկախ նրանից, թե ինչ են նրանք պատմում։ Եթե նույնիսկ ասում են, որ մենք ենք կրակում օբյեկտների վրա։ Եթե դուք չեք կարող պահել այդ կառույցը, ուրեմն հեռացե՛ք։ Հետևե՛ք ռուսական նավին և հեռացե՛ք ատոմակայանից»,- ասում է Զապորոժիեի բնակիչ Ռոման Պիատոիհորետսը։

«Մտավախություն կա, որ ուկրաինական իշխանությունները չեն կարողանա մեզ ժամանակին զգուշացնել ռադիացիոն անկման մասին կամ որ մենք ճիշտ չենք արձագանքի, որ տեղացիների շրջանում համատարած փսիխոզ կլինի, որը կարող է խուճապ առաջացնել։ Իհարկե, մտավախություններ կան։ Հատկապես երեկ, երբ լսեցինք, որ կայանն ամբողջությամբ անջատվել է»,- «Ռոյթերզի» հետ զրույցում պատմում է Հաննա Կուզը։

XS
SM
MD
LG