Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո մոտ մեկ միլիոն ռուսաստանցիներ տեղափոխվել են Եվրամիության տարածք: Այդ մասին հաղորդում է Frontex-ը՝ սահմանապահ և առափնյա պաշտպանության եվրոպական գործակալությունը, որի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչև օգոստոսի 22-ը Ռուսաստանից Եվրամիություն է տեղափոխվել 998 հազար 85 քաղաքացի:
Գործակալությունը նաև նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում ԵՄ մուտք գործող ռուսաստանցիների թիվը փոքր-ինչ նվազել է:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրամիության մի շարք երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են ռուսաստանցիներին մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրումը:
Որոշ երկրներ առաջարկում են ընդհանրապես չտալ վիզաներ ռուսներին, սակայն Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Պորտուգալիան և ԵՄ մի քանի այլ անդամներ դեմ են նման արգելքին:
Ներկայումս Եվրամիությունում նախագահող Չեխիան առաջարկում է փոխզիջումային տարբերակ՝ ոչ թե դադարեցնել վիզաների տրամադրումը, այլ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար չեղարկել շենգենյան վիզաներ ստանալու պարզեցված ընթացակարգը:
Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեծ թվով ռուսաստանցիներ արտագաղթել են ոչ միայն Եվրամիության, այլև ուրիշ ուղղություններով:
Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ղազախստան, Վրաստան: Հայաստանում հաստատվել են մոտ 40 հազար ռուսաստանցիններ: