Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլց. «Գերմանիան Ուկրաինային չի փոխանցի այնպիսի զինատեսակ, որով կարելի է հարվածել Ռուսաստանի տարածքին»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Flakpanzer Gepard տեսակի հակաօդային պաշտպանության ինքնագնացի մոտ, Պուտլոս, 25 օգոստոսի, 2022թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Flakpanzer Gepard տեսակի հակաօդային պաշտպանության ինքնագնացի մոտ, Պուտլոս, 25 օգոստոսի, 2022թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ Մագդեբուրգում ասել է, որ իր երկիրը չի փոխանցի Ուկրաինային որևէ զինատեսակ, որով հնարավոր կլինի հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին:

Նրա խոսքով, «նպատակը միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունն է»:

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այդ կապակցությամբ բավական հստակ է ասել, որ չի կարելի փոխանցել նման տեսակի զենք: Եվ ես կարծում եմ, որ դա այն սկզբունք է, որին ես հետևում եմ և մնացածներն էլ են հետևում, և հենց դրա համար էլ մենք ուշադիր հետևում ենք մյուս երկրների գործողություններին»,- ասել է Շոլցը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի նպատակն է սատարել Ուկրաինային, բայց այնպես անել, որ ուրիշ կողմեր չներքաշվեն այդ պատերազմի մեջ:

«Վստահ եղեք, մենք ունենք խոհեմություն, հավասարակշռություն և վճռականություն, որ կանխենք այս պատերազմի ընդարձակման վտանգը»,- հավաստիացրել է կանցլերը:

Գերմանիան առաջիկայում մտադիր է կես միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տալ Ուկրաինային:

Մասնավորապես, ենթադրվում է, որ գերմանացիները Կիևին կփոխանցեն IRIS-T տեսակի ՀՕՊ համակարգի 3 միավոր, 20 հրթիռային կայանք, Gepard տեսակի 15 ՀՕՊ ինքնագնացներ, Mars տեսակի երեք զենիթահրթիռային կայանք, հազարավոր հրթիռներ և տասնյակ հազարավոր փամփուշտներ:

Բացի այդ, կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային 100 միավոր Panzerhaubitze 2000 տեսակի հաուբիցներ տրամադրելու ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG