Մատչելիության հղումներ

Ալիևի պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «ԼՂ-ի հակամարտություն» և «կարգավիճակ» եզրույթները. Ադրբեջանցի պաշտոնյա


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, արխիվ
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, արխիվ

Նախագահ Իլհամ Ալիևն է որոշում Հայաստանի հետ բանակցությունների բովանդակությունն ու խաղաղության օրակարգը, ավելին նրա պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և «կարգավիճակ» եզրույթները, հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ, բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանական պաշտոնական մամուլին տված հարցազրույցում ասել է, որ այժմ առաջնային նպատակը խաղաղության պայմանագրի և սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններ սկսելն է:

Փաշինյան - Ալիև վերջին բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին հիշատակում չկար, փոխարենը Շառլ Միշելը խոսել էր Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին։

Ավելի վաղը Ադրբեջանը Հայաստանին էր ներկայացրել խաղաղության բանակցությունների իր հինգ սկզբունքները, Երևանն էլ վեց կետ էր հավելել դրանց։ Կետերից մեկը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցն էր։ Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը տեղեկացրել էր, որ Բաքվից այդ վեց կետերի վերաբերյալ պաշտոնական պատասխան չեն ստացել։

Այսօր հրապարակված հարցազրույցում Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը պնդել է, թե սահմանազատման հանձնաժողովների կազմի հաստատումից և առաջին հանդիպումից առաջ Հայաստանը ամիսներ շարունակ ժամանակ էր ձգում՝ խուսափելով բանակցություններից: Նրա խոսքով, հաջորդիվ Բաքուն ուզում է բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ադրբեջանը արդեն կարողացել է համաձայնության գալ մյուս հարևանի՝ Իրանի հետ, հավելել է Ռամիլ Ուսուբովը։

«Ալիևի նախաձեռնությամբ Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի Արևելյան Զանգեզուրն ու Նախիջևանը իրար կապող նոր տրանսպորտային հանգույց։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հարցում պետք է գերակա դիրք ունենա և թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ուսուբովը՝ այլ մանրամասներ չհայտնելով այդ նոր տրանսպորտային հանգույցի մասին։

Սպառնալով մեկուսացմամբ՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել է՝ վերջերս տեղի ունեցած բանակցություններին հայաստանցի պաշտոնյաների մասնակցությունը ցույց է տալիս, որ հայկական կողմը գիտակցում է՝ փոխզիջումներ այլևս չեն լինելու:

«Մենք հերթական անգամ կարող ենք մեկուսացնել Հայաստանին՝ զրկելով գլոբալ նախագծերին մասնակցելու հնարավորությունից: Սա Երևանի վերջին հնարավորությունն է և այս ծրագրերից դուրս մնալով նրանք կկորցնեն սոցիալ-տնտեսական ճգնաժամից խուսափելու միակ հնարավորությունը», - պնդել է Ուսուբովը:

Մինչ Ադրբեջանից կրկին հնչում են «Զանգեզուրի» միջանցքի մասին հայտարարություններ, պաշտոնական Երևանը վերահաստատել է, որ իր համար դա կարմիր գիծ է։ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, իսկ ճանապարհների բացումը քննարկվում է երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։

Օրերս Երևանում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, և հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG