«Եթե ոչ լիակատար տապալում, ապա գոնե զրոյական առաջընթաց»․ այսպես են բնութագրում արևմտյան դիվանագետները Իրանի և Միացյալ Նահանգների միջև Քատարի մայրաքաղաք Դոհայում այս շաբաթ կայացած բանակցությունները։
Ակնկալվող արդյունքների բացակայությունը ստիպեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդի դեր ստանձնած ԵՄ ներկայացուցիչներին խոստովանել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գրեթե ամբողջությամբ համաձայնեցված նոր փաստաթուղթը կարող է ընդհանրապես չհասնել ստորագրման փուլի։
«ԵՄ անունից մենք մտահոգված ենք, որ այս գործընթացը կարող է եզրագծին չհասնել։ Մեր ուղերձը հետևյալն է՝ օգտվեք համաձայնագիր կնքելու այս հնարավորությունից, համաձայնագիր, որ հիմնված կլինի բանակցային սեղանին գտնվող նախագծի վրա», - անցած գիշեր, ՄԱԿ-ի Անվատնգության խորհրդում հրավիրված շտապ քննարկման ընթացքում, հայտարարում էր կազմակերպությունում ԵՄ դեսպան Օլոֆ Սկոոգը։
Դատելով արևմտյան դիվանագիտական շրջանակներից հնչող հայտարարություններից ինչպես նաև մամուլուն հայտնվող արտահոսքերից՝ Դոհայի բանակցությունների տապալման գլխավոր պատճառը իրանական պատվիրակության կողմից առաջ քաշված հավելյալ պահանջներն էին։ Դրանք, ըստ ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանի, ընդհանրապես որևէ առնչություն չունեին 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի վերագործարկմանը և «առավելապաշտական էին և ոչ իրատեսական»։
Թեհրանի գլխավոր պահանջներից մեկը
Բրիտանական The Guardian-ի տեղեկություններով՝ Թեհրանի գլխավոր պահանջներից մեկն իրանական ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կառույցների ամերիկյան ցուցակից դուրս բերելն էր։ Դա, սակայն, Թեհրանի ներկայացրած միակ պահանջը չէ։
«Իրանը Միացյալ Նահանգներից օբյեկտիվ և վերահսկելի երաշխիքներ է պահանջել առ այն, որ միջուկային համաձայնագիրը կրկին չի տորպեդահարվի, որ Վաշինգտոնը մեկ անգամ ևս չի խախտի իր իսկ ստանձնած պարտավորությունները, այլ պատրվակներ օգտագործելով կրկին պատժամիջոցներ չի սահմանի՝ մի բան, որ տեղի ունեցավ ամերիկյան նախկին վարչակազմի օրոք», - հայտարարում էր ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախթ Ռավանջին։
Ներկայացվող պահանջներն ամերիկյան կողմը կտրականապես մերժում է
Ներկայացվող պահանջները, սակայն, ամերիկյան կողմը կտրականապես մերժում է՝ դրանք ոչնչով չարդարացված և իրականությունից կտրված որակելով։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների փոխդեսպան, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, անցած գիշեր կայացած քննարկման ժամանակ նույնիսկ ակնարկում էր, որ իրանցիներն արհեստականորեն ձգձգում են բանակցությունները։
«Իրանը համաձայնագրի կնքման հարցում շտապողականություն դեռ չի ցուցաբերում։ Կոչ եմ անում վերջ տալ միջուկային ճգնաժամին և հասնել պատժամիջոցների վերացմանը», - դիմելով իրանական պատվիրակության անդամներին՝ հայտարարում էր ամերիկացի դիվանագետը։
Արևմտյան փորձագիտական և դիվանագիտական շրջանակներում, սակայն, տեսակետ է շրջանառվում, ըստ որի, Իրանը, կամ ավելի ճիշտ իրանական վերնախավի առավել արմատական տրամադրված հատվածը, ցանկանում է բանակցությունների ձգձմանը զուգահեռ սրընթաց արագությամբ զարգացնել միջուկային ծրագիրը՝ ավելացնելով, թե՛ ուրանի հարստացման ծավալները, թե՛ դրա համար օգտագործվող ցենտրիֆուգերի թիվը։
Արևմուտքը լուրջ մտավախություններ ունի
Արևմուտքում լուրջ մտավախություններ կան, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Իրանին հաշված շաբաթներ կմնան մինչև միջուկային զենքի ստեղծումը, և երկիրն այլևս նոր համաձայնագրի կնքման հարցում որևէ շահագրգռություն չի ունենա։
Դա էր պատճառը, որ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը գրեթե բաց տեքստով զգուշացնում էր պաշտոնական Թեհրանին՝ բանակցությունների վերջնական տապալումը կարող է հանգեցնել իսլամական հանրապետության դեմ նոր պատժամիջոցների սահմանման։
«Իրանը պետք է շուտափույթ կերպով կնքի այս համաձայնագիրը։ Ավելի լավ փաստաթուղթ չի լինելու։ Բայց, եթե դա տեղի չունենա և համաձայնագիրը վերջնականապես տապալվի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտավորությունն է լինելու վճռական քայլերի դիմել, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք մշակել», - հայտարարում էր ՄԱԿ-ում Միացյալ թագավորության դեսպան Բարբարա Վուդվորդը։
Մոսկվայի մոտեցումը
Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումներում հետաքրքրական է նաև Մոսկվայի մոտեցումը։ Դեռ տարեսկզբին արևմտյան մի շարք հեղինակավոր պարբերականներ գրում էին, որ 2021 թվականի ամռանը Վիեննայում մեկնարկած բանակցություններն առնվազն հինգ-վեց անգամ տապալումից փրկել է ռուսական կողմը ներկայացնող դեսպան Միխայիլ Ուլյանովը։ ԵՄ միջորդական առաքելություն ստանձնելու փորձն էլ շատերը դիտարկեցին որպես Իրանի շուրջ Մոսկվայի նման ազդեցությունը թուլացնելու փորձ։ Այժմ, ռուս դիվանագետները դժվարությամբ են թաքցնում Դոհայի բանակցությունների տապալման առթիվ իրենց գոհունակությունը՝ ողջ մեղքը բարդելով ամերիկացիների ուսերին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը, որից չի հրաժարվում նաև ամերիկյան գործող վարչակազմը, հանդիսանում է առկա բոլոր խնդիրների հիմնարար պատճառը», - նախորդ գիշեր հայտարարում էր ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին։
Այս քննարկումների ֆոնին, սակայն, բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք տեսանելի ապագայում ԵՄ-ն վիճակի կլինի իրանցիների և ամերիկացիների միջև բանակցությունների նոր փուլ նախաձեռնել։
Իրանի ներկայացուցիչները պնդում են՝ բանակցությունների նոր փուլին իրենք պատրաստ են։