Իրանը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսչական տեսախցիկներից երկուսը հեռացրել է իր միջուկային կենտրոններից մեկից։ Այս մասին այսօր տեղեկացրել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Գործակալությունը ոչ միայն երախտապարտ չէ Իրանի համակողմանի համագործակցության համար, այլև դա ընկալում է, որպես Թեհրանի պարտականություն։ Նման մոտեցումը ստիպել է իրանական կողմին հեռացնել տեսախկիցները», - հայտարարել են իրանցի պաշտոնյաները։
Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունները սկսեցին լարվել անցած շաբաթ՝ գործակալության հերթական զեկույցի հրապարակումից հետո։ Դրանում ՄԱԿ-ի փորձագետները պնդում էին, որ Իրանը վերջին ամիսներին կտրուկ կերպով մեծացրել է ուրանի հարստացման ծավալները։ Դրանք, ըստ մասնագետների, այժմ 18 անգամ գերազանցում են առավելագույն թույլատրելի շեմը։