Մատչելիության հղումներ

Իրանը միջուկային օբյեկտից հեռացրել է ՄԱԳԱՏԷ-ի երկու տեսախցիկները


Ավստրիա - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանը Վիեննայում, արխիվ
Ավստրիա - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանը Վիեննայում, արխիվ

Իրանն իր միջուկային իր օբյեկտում հեռացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ МАГАТЭ) երկու տեսախցիկները, ինչը կարող է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության այդ մարմնի հետ լարվածության նոր աճի պատճառ դառնալ։

«Իրանի համար անհնարին է համագործակցել, երբ մյուս կողմը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում», - արդարացնելով Թեհրանի գործողությունը՝ ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդը։

«Մենք լայն համագործակցություն ունեինք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, ցավոք, նրանց վարքագիծը չի համապատասխանում այդ համագործակցությանը», - նշել է Քամալվանդը Իրանի պետական հեռուստաընկերության հարցազրույցում և պնդել, որ տեսախցիկները ձայնագրություններ էին կատարում անվտանգության երաշխիքների շրջանակներից դուրս։ Նա ասել է, որ դրանք տեղադրելն Իրանի պարտավորությունների մաս չի կազմել, Իրանը տեսախցիկների օգտագործումը թույլատրել էր որպես բարի կամքի դրսևորում, ինչը թույլ էր տալիս առցանց ստուգել հարստացման մակարդակը, կամ հոսքաչափերն ու նման գործողությունները։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ այդ տեսախցիկների արձանագրածը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի ուշ կարող էր օգտագործել, բայց հիմա այլևս տեղեկատվություն չեն կիսի նրանց հետ։ Նախօրեին հրահանգ է տրվել դադարեցնել այդ բոլոր գործողությունները:

Իրանին վրդովեցրել է ԱԷՄԳ-ին ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ներկայացրած բանաձևի նախագիծը, որտեղ Թեհրանը քննադատվում է չհայտարարված օբյեկտներում ուրանի հետքերի վերաբերյալ վերահսկող մարմնի հարցերին ոչ լիարժեք պատասխանելու համար։

Բանաձևն այս շաբաթավերջին քննարկվելու և քվեարկության է դրվելու ԱԷՄԳ կառավարման խորհրդի եռամսյակային նիստում, որի կազմում 35 երկիր է։

Որոշ դիվանագետներ Reuters լրատվական գործակալությանն ասել են, որ բանաձևի նախագիծը հեշտությամբ կընդունվի՝ չնայած պատասխան քայլերի ու հետևանքների մասին Թեհրանի զգուշացումներին, ինչը կարող է է՛լ ավելի խարխլել գերտերությունների հետ փակուղի մտած բանակցությունները։ Այդ երկրներից Իրանի դաշնակից Ռուսաստանն է դեմ բանաձևի ընդունմանը։

Այս հարցերի շուրջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում, հրաժարվել է մեկնաբանություններ տալ։

XS
SM
MD
LG